22-11-2016 18:03

Թրամփն ասել է՝ ինչով է զբաղվելու նախագահության առաջին 100 օրվա ընթացքում

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը 2.5 րոպեանոց տեսաուղերձում հայտնել է նախագահի լիազորությունները ստանձնելու առաջին 100 օրվա ընթացքում իր անելիքների մասին:

Նշվում է, որ հանրապետականը նախևառաջ մտադիր է զբաղվել իր երկրի՝ Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից (ԱԽԳ) դուրս բերումով, ինչպես նաև միգրացիոն և պետության անվտանգության ամրապնդման հարցերով:

Նորընտիր նախագահը նկատել է, որ առաջին 100 օրվա ընթացքում զբաղվելու է այն հարցերով, որոնք չեն պահանջում Կոնգրեսի միջամտությունն ու կարող են լուծվել միայն իր ստորագրությամբ: Թրամփն ասել է, որ ԱԽԳ-ն պոտենցիալ աղետ է Միացյալ Նահանգների համար՝ հավելելով, որ ԱՄՆ-ն առևտրային գործարքներ է անելու միայն երկկողմ ձևաչափով:

70-ամյա միլիարդատիրոջ կարծիքով՝ նման գործողությունները թույլ կտան ԱՄՆ-ին վերադարձնել աշխատանքային տեղերն ու արդյունաբերական արտադրությունը:

Մինչդեռ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱԽԳ-ն անիմաստ կլինի առանց Միացյալ Նահանգների մասնակցության: