16-05-2017 11:13

Թրամփը Լավրովին ԻՊ-ի մասին հույժ գաղտնի տեղեկություն է բացահայտել

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իբրև թե ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովին հույժ գաղտնի տեղեկություն է հայտնել՝ ՌԴ-ում արգելված «Իսլամական պետություն» խմբավորման վերաբերյալ: «The Washington Post» պարբերականի պնդմամբ դա տեղի է ունեցել մայիսի10-ին Սպիտակ տանը:
Պարբերականը, հղում անելով նախկին և գործող պաշտոնյաներին, գրում է, որ փոխանցված տեղեկությունները հարվածի տակ են դրել ԻՊ-ի մասին ոմն « արտասահմանյան հետախուզական տվյալների աղբյուրի», որը չէր թույլատրել այդ տեղեկատվությունը կիսել Ռուսաստանի հետ: Նաև նշվում է, որ Թրամփն իբրև թե Մոսկվային ավելի շատ տեղեկատվություն է տրամադրել, քան իր դաշնակիցներին:
Ավելի ուշ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հերքել էր այս հոդվածում հրապարակված տեղեկությունները: Նրա խոսքերով, Լավրովի հետ Թրամփի հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, որոնց թվում եղել են նաև ահաբեկչության դեմ պայքարում համատեղ ջանքերը: Խոսքը վերաբերվել է կոնկրետ սպառնալիքներին, բայց կողմերը չեն քննարկել աղբյուրները, մեթոդները կամ ռազմական օպերացիաները՝ փոխանցում է «The Washington Examiner»-ը:
Հերքում է հաջորդել նաև ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Գերբերտ Մաքմասթերի կողմից. «Այն, թե ինչպես է պարբերականը նկարագրում այդ հանդիպումը՝ կեղծիք է: Ես ներկա եմ եղել խոսակցությանը: Նախագահն ու նախարարը քննարկել են, մասնավորապես, քաղավիացիային վերաբերող սպառնալիքների հարցերը: Ոչ մի ձևով, ոչ մի պահի հետախուզությունների գործողությունները չեն քննարկվել»,- հայտարարել է պաշտոնյան:
Ավելի վաղ Լավրովը մեկնաբանել էր Թրամփի հետ հանդիպումը, նշելով, որ նրա վարչակազմի աշխատակիցները « գործի մադիկ են, ովքեր պատրաստ են աշխատել խնդիրների լուծման վրա»: « Նրանք չեն ուզում համաձայնության գալ միայն այն բանի համար, որ ինչ-որ մեկին ցույց տան գաղափարական նախընտրությունների ասպարեզում իրենց ինչ-ինչ նվաճումները, նրանք ուզում են համաձայնության գալ՝ ինչ-ինչ հարցեր լուծելու նպատակով: Այնպիսի հարցեր, որոնցից կախված է և՛ երկրի զարգացումը, և՛ քաղաքացիների բարեկեցությունը»,- պարզաբանել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը: