13-06-2016 14:21

Թրամփը Օբամային կոչ է արել հրաժարական տալ

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի միակ թեկնածուն` Դոնալդ Թրամփը պետության գործող ղեկավար Բարաք Օբամային կոչ է արել հրաժարական տալ Ֆլորիդայում գեյ-ակումբի վրա հարձակումից հետո, որի հետևանքով 50 մարդ է զոհվել: Քաղաքական գործչի հայտարարությունը զետեղված է նրա կայքում:

Թրամփը ցավակցություն է հայտնել զոհերի և տուժածների ընտանիքներին: Նա հարձակումը կոչել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ից հետո վատագույն ահաբեկչական գործողությունը:

Նշելով, որ ամերիկյան ժողովուրդը «հարձակման է ենթարկվել իսլամ արմատական ահաբեկչի կողմից», միլիարդատերը մատնանշել է, որ Օբաման իր ելույթում «ամոթալիորեն հրաժարվել է նույնիսկ արտաբերել «արմատական իսլամ» բառերը: «Միայն այդ պատճառով նա պետք է հրաժարական տա», — ընդգծել է նա:

Բացի այդ, հավելել է Թրամփը, եթե դեմոկրատներից հավակնորդ Հիլարի Քլինթոնը այդ հարձակումից հետո դեռեւս չի կարողանում արտաբերել երկու բառ` «արմատական իսլամ», ուրեմն նա էլ պետք է դուրս գա նախագահի պաշտոնի համար մրցարշավից:

«Մենք մեզ այլեւս չենք կարող թույլ տալ քաղաքականապես կոռեկտ լինել», — ընդգծել է միլիարդատերը: Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ն ամեն տարի Մերձավոր Արեւելքից ավելի քան 100 հազար միգրանտ է ընդունում: Միաժամանակ հարյուրավոր միգրանտներ եւ նրանց երեխաները Միացյալ Նահանգներում ներգրավվել են ահաբեկչական գործունեության մեջ, հավելել է նա:

Այդ կապակցությամբ Թրամփը քննադատության է ենթարկել Քլինթոնի պլանները` ավելացնելու Մերձավոր Արեւելքից ընդունվող միգրանտների թիվը:

Թրամփն ավելի վաղ էլ կտրուկ հայտարարություններ էր արել մահմեդականների հասցեին: Մասնավորապես, 2015-ի նոյեմբերին Փարիզի ահաբեկչական գործողություններից հետո միլիարդատերը հանդես էր եկել իսլամ դավանող մարդկանց մուտքն ԱՄՆ ամբողջությամբ արգելելու օգտին: