Բավ է պառակտվել
25-04-2017 12:27

Թրամփն ապրիլի 24-ի իր ուղերձում 1915թ. իրադարձությունները «Մեծ Եղեռն» է անվանել

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը 1915թ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ իր ուղերձում չի կիրառել «Ցեղասպանություն» բառը:
«Այսօր մենք հիշում և ոգեկոչում ենք 20-րդ դարի վատթարագույն զանգվածային վայրագություններից մեկի՝ Մեծ Եղեռնի տառապանքների բովով անցածներին: 1915թ. սկսած՝ Օսմանյան կայսրության վերջին տարիների ընթացքում, մեկ ու կես միլիոն հայեր զոհ են գնացել տեղահանություններին, կոտորածներին ու մահվան երթերին»,- ասված է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ:
Թրամփը նշել է, որ միանում է Ամերիկայի հայկական համայնքին և աշխարհասփյուռ հայությանը՝ սգալով մարդկային անմեղ կյանքերի ու կրած բազում տառապանքների վիշտը:
«Մտորելով մարդկային պատմության այս մռայլ դրվագի շուրջ՝ մենք նաև արժանին ենք մատուցում հայ ժողովրդի աննկուն ոգուն: Շատերը նոր կյանք կերտեցին Միացյալ Նահանգներում և իրենց անջնջելի ներդրումն ունեցան մեր երկրում՝ իրենց սրտում վառ պահելով հիշողությունները պատմական հայրենիքի մասին, որտեղ նրանց նախնիները կերտել էին հնագույն հզոր քաղաքակրթություններից մեկը»,-ընդգծել է ԱՄՆ-ի նախագահը:
«Մենք պետք է հիշենք վայրագությունները, որպեսզի թույլ չտանք դրանց կրկնությունը: Մենք ողջունում ենք ցավալի անցյալի փաստերն ընդունելու ու դրանց հետ հաշվի նստելու ջանքերը, որ ձեռնարկվում են հայերի ու թուրքերի կողմից՝ առավել արդարացի ու հանդուրժողական ապագա ունենալու համար »,- ասված է Թրամփի հայտարարության մեջ:
ԱՄՆ-ի նախագահի ուղերձին ի պատասխան, Ամերիկայի Հայ Ազգային կոմիտեի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հայտարարել է, որ ամենամյա հանդիսավոր ուղերձը, որը հնչեցրել է Թրամփը, ի վիճակի չէ ինչպես հարկն է բնորոշել Հայոց ցեղասպանության էությունը:
Համբարյանն ընդգծել է, որ Թրամփն իր հայտարարությունում խուսափել է հաստատել Ցեղասպանության փաստը.« Նախագահ Թրամփը գերադասեց ոչ թե դատապարտել և հարգել Հայող ցեղասպանությունը, այլ Անկարայի դեմ պարտադրված արգելքների դիմել»,- հայտարարել է Համբարյանը:
ANCA-ի գործադիր տնօրենի կարծիքով, չկարողանալով ինչպես հարկն է որակել ապրիլի 24-ը, նախագահ Թրամփը փաստացի «Ցեղասպանության կանխարգելման ԱՄՆ-ի քաղաքականությունը» փոխանցեց Ռեջեբ Թայիփ Էրդողանին՝ ամբարտավան և ավտորիտար բռնապետի, ով ակնհայտորեն վայելում է այն հանգամանքը, որ ամերիկյան նախագահները լռում են Թուրքիայում միլիոնավոր հայերի, հույների, ասորիների և այլ քրիստոնյաների մասսայական սպանությունների փաստի վերաբերյալ:
ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատը 1975թ. ընդունեց « Անմարդկային հանցագործությունների զոհերի հիշատակի օրվա» N. 148 բանաձևը, համաձայն որի ապրիլի 24-ը պաշտոնապես հռչակվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Այդպիսով, ԱՄՆ-ն դարձավ աշխարհի միակ երկիրը, որի նախագահը ամեն տարի ապրիլի 24-ին պաշտոնապես դիմում է հայությանը:
1978թ. ԱՄՆ-ի նախագահ Ջիմի Կարտերը նկարագրելով 1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձություններ առաջին անգամ կիրառեց «ցեղասպանություն» տերմինը: Իսկ Ռոնալդ Ռեյգանը իր նախագահության առաջին տարում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում աջակցություն ցուցաբերեց հայ-ամերիկյան համայնքին:
Իրենց նախընտրական քարոզարշավների ընթացքում Բիլ Քլինթոնը, Ջորջ Բուշ կրտսերը և Բարաք Օբաման խոսում էին բարձր մակարդակում հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը բարձրաձայնելու անհրաժեշտության մասին, սակայն հայտնվելով Սպիտակ տանը, նրանք՝ Թուրքիայի հետ հարաբերությունները փչացնելու մտավախությունից ելնելով խախտում էին իրենց խոստումները: