16-01-2017 11:13

Թրամփի կարծիքով ՆԱՏՕ-ն իր դարն ապրել է

The Times լրատվականին տված իր հարցազրույցում ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ ՆԱՏՕ-ն կարևոր կառույց է, սակայն արդեն իր դարն ապրել է, քանի որ հավուր պատշաճի չի զբաղվում ահաբեկչության խնդրով:
«Ես դեռ վաղուց եմ ասել, որ ՆԱՏՕ-ն խնդիրներ ունի: Նախ այն իր դարն ապրել է, քանի որ հիմնվել է շատ ու շատ տարիներ առաջ, և երկրորդը՝ երկրները չեն վճարում այն, ինչ պետք է վճարեն: Այս կառույցը արդիական չէ, որովհետև չի զբաղվում ահաբեկչության խնդիրը լուծելու հարցով»,- ասել է Թրամփը:
Միևնույն ժամանակ նա նշել է, որ չնայած այդ ամենին , «ՆԱՏՕ-ն իր համար շատ կարևոր է»:
Հանրապետական գործչի խոսքերով ներկայումս դաշինքի միայն հինգ անդամ երկրներն են վճարում այն՝ ինչ պետք է վճարեն: Այդ երկրների թվում Թրամփը հիշատակել էր Մեծ Բրիտանիային:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ Դոնալդ Թրամփն իրեն հավաստիացրել է, որ Միացյալ Նահանգները կշարունակեն աջակցել դաշինքին: