14-07-2016 10:13

Թերեզա Մեյը նշանակվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը Թերեզա Մեյին նշանակել է վարչապետ, հաստատել է Բուքինգհեմյան պալատի ներկայացուցիչը: Պալատում հանդիպումը, որի ընթացքում թագուհին խնդրել է Մեյին ձևավորել նախարարների նոր կաբինետ, կայացել է անմիջապես այն բանից հետո, երբ թագուհին ընդունել է Դևիդ Քեմերոնի հրաժարականը: Քեմերոնը հայտարարել էր հեռանալու մասին, երբ հունիսի 23-ին կայացած հանրաքվեում բրիտանացիների մեծամասնությունն աջակցել էր ԵՄ-ից երկրի դուրս գալուն:

Քեմերոնի և նրա ընտանիքի` պալատից հեռանալու և Թերեզա և Ֆիլիպ Մեյերի ժամանման միջև անցել է ընդամենը 26 վայրկյան:

Վարչապետի նշանակման արարողությունը բավականին պարզ է. թագուհին հարցնում է թեկնածուին` համաձայն է արդյոք ձևավորել կառավարություն: Դրական պատասխանից հետո վարչապետը համարվում է նշանակված:

Պաշտոնում հաստատվելուց հետո Մեյը հայտարարել է, որ կշարունակի Քեմերոնի ուղղվածությունը` միավորել երկիրը և վերականգնել սոցիալական արդարությունը:

Բուքինգհեմյան պալատից Մեյը ժամանել է Դաունինգ-սթրիթ, որտեղ կկայանա նստավայրի բանալիների և միջուկային ճամպրուկի փոխանցումը:

Մինչդեռ, Մեծ Բրիտանիայի կանցլեր (ֆինանսների նախարար) Ջորջ Օսբորնը լքել է կառավարությունը, նրան այդ պաշտոնում փոխարինել է ԱԳՆ նախկին ղեկավար Ֆիլիպ Համոնդը: