29-06-2016 10:20

Ստամբուլի օդանավակայանում պայթյունների հետևանքով 36 մարդ է զոհվել (տեսանյութ, լուսանկարներ)

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հրապարակել է հունիսի 28-ին Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում տեղի ունեցած պայթյունների զոհերի և վիրավորների պաշտոնական թիվը։ Ըստ վարչապետի՝ զոհվել է 36 մարդ, վիրավոր է 147-ը։

Վարչապետի խոսքով՝ ահաբեկչության ետևում կանգնած է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։ Ըստ պաշտոնական հայտարարության՝ Աթաթուրքի անվան միջազային օդանավակայանն արդեն վերականգնել է իր աշխատանքը, թռիչքներ է իրականացնում և վայրէջքներ ընդունում։

Ահաբեկչությունն իրականացրած երեք մահապարտները նախ կրակ են բացել օդանավակայանում գտնվող անձանց վրա, ապա պայթեցրել են իրենց: Օդանավակայանը շուրջ 5 ժամ փակվել էր բոլոր տեսակի թռիչքների համար: Առավոտյան ժամը 5.30-ի սահմաններում օդանավակայանում կրկին սկսել են վայրէջք կատարել Թուրքական ավիաուղիների  ինքնաթիռները: 

Պայթյունները տեղի են ունեցել միջազգային և ներքին թռիչքների տերմինալներում և ավտոկայանատեղիում:

Արդարադատության նախարար Բեքիր Բոզգադը հաղորդում է, որ առնվազն մեկ ենթադրյալ ահաբեկիչ կրակ է բացել Կալաշնիկովի հրացանով, ապա պայթեցրել է ինքն իրեն:  Ըստ բժշկական աղբյուրի, առնվազն վեց վիրավորներ ծանր վիճակում են: