Բավ է պառակտվել
08-04-2016 14:18

Ալիևների գաղտնի հանքերը, օֆշորներն ու գործազուրկ մնացած 300 հանքափորները

Ադրբեջանի նախագահի ընտանիքը Պանամայում գրանցված օֆշորային ընկերությունների միջոցով վերահսկում է երկրում ոսկու, արծաթի ու կապարի ամենահարուստ հանքավայրերը։ Այս մասին հայտնի է դարձել պանամական Mossack Fonseca իրավաբանական ընկերության գաղտնի փաստաթղթերի արտահոսքից հետո։
«Ադրբեջանական AIMROC միջազգային հանքարդյունաբերական ընկերությունը, որն ի հայտ եկավ անհասկանալի է, թե որտեղից ու միանգամից դարձավ երկրում 2-րդ խոշորագույն ոսկի արդյունահանողը, նույնպիսի արագությամբ չքացավ ասպարեզից` բախտի քմահաճույքին թողնելով 300 հանքափորի»,-նշվում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության անդրադարձում, որը ներկայացրել է հետաքննող լրագրողներ Միրանդա Պատրուչիչի, Էլեոնոր Ռոուզի, Լեյլա Կամջիչի և Խադիջա Իսմայիլովայի հետաքննությունը։
Հոդվածի հեղինակները մանրամասնում են, որ հանքափորներն արդեն 2 տարի է՝ աշխատավարձ չեն ստացել, սակայն շարունակում են գրանցված մնալ որպես հանքավայրի աշխատող։ Իսկ դա իր հերթին թույլ չի տալիս շարքային ադրբեջանցիներին այլ աշխատանքի տեղավորվել, քանի որ դա դեմ է երկրի օրենսդրությանը։
Հուսահատության մեջ հայտնված ու իրենց բոլոր խնայողությունները ծախսած աշխատողները թակել են տարատեսակ կառավարական հաստատությունների դռները` Աշխատանքի ու սոցիալական ապահովության նախարարությունից մինչև նախագահի աշխատակազմ, փորձելով պարզել, թե ովքեր են իրենց գործատուներն ու ինչպես են նրանք պատրաստվում լուծել ստեղծված իրավիճակը:
«Սակայն իրականում գործատուները շատ ավելի մոտ էին, քան հանքափորները կարող էին պատկերացնել: Նրանք պարզապես թաքնվում էին օֆշորներում: Նորաձևության վերջին ճիչով հագնված, թանկարժեք պայուսակները ձեռքներին այդ նույն գործատուներն իրենց լքված աշխատողներին նայում էին թերթերի ու սնդուսափայլ ամսագրերի էջերից: Նրանք լայն ժպիտալով նայում էին երկրի գլխավոր հեռուստաալիքների տեսախցիկներին, նոր օբյեկտների բացմանը հանդիսավոր կերպով կտրում էին կարմիր ժապավենը, մասնակցում էին հանդիսությունների ու ներկայանում էին Ադրբեջանի բարգավաճմանն ուղղված կոչերով: Այդ գործատուներն Իլհամ Ալիևի դուստրերն էին` Արզուն և Լեյլան»,- նշվում է հոդվածում։
Mossack Fonseca-ի գաղտնի փաստաթղթերից պարզ է դարձել, որ 9 տարի առաջ Ադրբեջանի նախագահը ոսկի արդյունահանող 6 հանքավայր, որոնց ընդհանուր արժեքը հասնում է մի քանի մլրդ դոլարի, օգտագործման հիմունքներով տրամադրել է 6 ընկերության, որից 4-ը գրանցված են եղել օֆշորային գոտիներում ու ամբողջովին կառավարվել են նախագահական ընտանիքի կողմից:
Այդ ընկերություններից մեկի` Globex International LLP-ի հետևում կանգնած են Ալիևա քույրերը:
Սակայն Լեյլան ու Արզուն այսքանով չեն սահմանափակվել: Փաստաթղթերի հետագա ուսումնասիրություններից պարզ է դարձել, որ քույրերն ամբողջությամբ վերահսկում են նաև պանամական օֆշորներում գրանցված Londex Resources S.A ընկերությունը, որին, ի դեպ, պատկանում է տխրահռչակ AIMROC միջազգային հանքարդյունաբերական ընկերությունը»,- արձանագրում են հեղինակները։
Ավելի վաղ Mossack Fonseca իրավաբանական ընկերության հիմնադիրներից մեկը հայտնել է ընկերության նյութերի «անօրինական հրապարակման մասին»։
Ընկերության տվյալների բազայի արտահոսքի արդյունքում ԶԼՄ-ներին հայտնի է դարձել մի շարք համաշխարհային առաջնորդների և նրանց մտերիմների` գումարների լվացման և հարկերից խուսափելու սխեմաների մասին:
Մասնավորապես՝ Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումի` ICIJ-ի (International Consortium of Investigative Journalists) լրագրողների մոտ են հայտնվել օֆշորների վերաբերյալ մի շարք գաղտնի փաստաթղթեր, որոնցում շոշափվում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու նրա բարեկամների անունները։
Լրագրողները պարզել են, որ Ալիևը գրանցված է օֆշորներում` ոսկու հանքավայրերում ու լոնդոնյան անշարժ գույքում իր ունեցած մասնաբաժինները քողարկելու համար։