24-07-2014 10:41

85-ամյա կինը միայնակ պայքարել է ավազակների դեմ


Հնդկաստանի Ռաթլամ քաղաքի 85-ամյա բնակչուհին դիմադրություն է ցույց տվել իր տուն ներթափանցած երկու ավազակին: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:

Մինչև իրավապահ մարմինների ժամանումը կինը պայքարել է հանցագործների դեմ, իսկ ոստիկանական բաժանմունքում մինչև հանցագործների ճանաչումը ստիպել է նրանց՝ կքանստում վարժանք կատարել:

Տուժողը իրավապահ մարմիններին հայտնել է, որ ամուսնու մահից հետո մենակ է ապրում, քանի որ չորս երեխաներն աշխատում են Մումբայ քաղաքում: Ավազակները արթնացրել են կնոջը, երբ փորձել են նրա տուն ներխուժել: Նա դատարկ դույլ է նետել նրանց վրա, իսկ հետո նրանցից մեկի ձեռքից բռնել և փայտով ծեծի է ենթարկել:

Հարևանները, աղմուկը լսելով, ոստիկանություն են զանգահարել: Րոպեներ անց ավազակներին ձերբակալել են, իսկ տիկնոջը շնորհակալություն հայտնել խիզախություն ցուցաբերելու համար: