16-08-2014 14:17

Տանկային բիաթլոնի աշխարհի առաջնությանը Հայաստանը երկրորդ տեղն է գրավել

Մերձմոսկովյան Ալաբինոյում անցկացված տանկային բիաթլոնի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի արդյունքում Հայաստանի հավաքականը գրավել է երկրորդ տեղը, Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Վերջնական երկրորդ տեղը հաստատվեց, փայլուն է։ Աշխարհի հզորագույն երկրների հետ մրցապայքարում սա փայլուն արդյունք է»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը։
Ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը գրել էր, որ լավագույն քառյակում են Ռուսաստանը՝ 294 միավորով, Ղազախստանը՝ 226, Չինաստանը՝ 220, և Հայաստանը՝ 213 միավորով: ՌԴ ՊՆ-ից հայտնել էին, որ այսօր յուրաքանչյուր հավաքականից երեք անձնակազմ մեկ տանկով (անձնակազմերի փոփոխությամբ) կանցնի 3 շրջան:
«Աշխարհի առաջնությունը կավարտվի հաղթողների պարգևատրման արարողությամբ»,- հայտնել էին գերատեսչութունից:
Տանկային բիաթլոնին մասնակցել է 12 երկրի հավաքական՝ Անգոլա, Հայաստան, Բելառուս, Վենեսուելա, Հնդկաստան, Ղազախստան, Ղրղզստան, Չինաստան, Քուվեյթ, Մոնղոլիա, Ռուսաստան, Սերբիա, ավելի քան 20 երկիր մասնակցել է դիտորդի կարգավիճակով: