18-03-2014 20:13

Սիրիայի նախագահի ընտրությունների վերաբերյալ նոր օրենքը խորհրդարանը հաստատեց

«Ալ-Շարկ Ալ-Աուսաթ» թերթը գրում է, որ Սիրիայի ժողովրդական ժողովը (խորհրդարանը) հաստատել է համընդհանուր նախագահական ընտրություններ անցկացնելու նախագիծը: Օրենքում նշվում է նաև, որ Սիրիայի նախագահ կարող է դառնալ Սիրիայի քաղաքացին, ով վերջին 10 տարում մշտապես ապրել է երկրում: Նոր օրենքի մի քանի հոդվածներ հատուկ կարգավորում են ապագա ընտրողների կարգավիճակը. նրանք պետք է ունենան գործող, ժամկետի մեջ անձնագիր: Երկրից հեռացածների անձնագրում պարտադիր պետք է լինի Սիրիայի պաշտոնական անցակետերից մեկի կնիքը, որը վկայում է սահմանը օրինական հատելու մասին, ինչպես նաև Սիրիայի դիվանագիտական ներկայացուցչության դրոշմը, որտեղ ներկա պահին գտնվում է Սիրիայի քաղաքացին: Նշենք, որ Սիրիայի շարունակվող պատերազմի պայմաններում փախստականների մեծ մասը երկրի սահմանը հատել են առանց փաստաթղթերում անհրաժեշտ նշումների` շրջանցելով անցակետերը և ձգտելով հնարավորինս արագ փրկվել պատերազմից: Ստացվում է, որ ընտրելու իրավունքից զրկվում են բազմաթիվ սիրիացիներ և ներքին ընդդիմության ներկայացուցիչներ, ովքեր դեռ մինչ պատերազմի թեժանալը հեռացել են երկրից: