22-09-2016 17:09

Սիրիայում իրավիճակն ավելի կթեժանա. Փորձագետ

Լրացավ Սիրիայում ռուս-ամերիկյան պայմանավորվածությունների հիման վրա սեպտեմբերի 12-ին հաստատված հրադադարի մեկշաբաթյա փորձաշրջանը, որից հետո պետք է երկարաձգվեր կրակի դադարեցման ռեժիմը, ձևավորվեր ռուս-ամերիկյան ռազմական գործողությունների համակարգման միասնական շտաբը: Այս առիթով news.gisher.ru-ն զրուցել է արագաբետ Արմեն Պետրոսյանի հետ. «Արդենիսկ հնչող գնահատականներից ու հայտարարություններից կարելի է ենթադրել, որ հրադադրի այս ռեժիմը ևս տապալվեց. համենայն դեպս, այդ մասին արդենիսկ հայտարարել են ռուսական և սիրիական կողմերը, որոնք սեպտեմբերի 19-ին սկսել են ավիահարվածներ իրականացնել սիրիական հակակառավարական և ահաբեկչական խմբավորումների դեմ»:
Արաբագետի խոսքով՝ կարելի է թվարկել հրադադրի հերթական ռեժիմի տապալման իրավիճակային մի քանի միջադեպեր ու պատճառներ. նախևառաջ՝ անցած շաբաթվավերջին ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն օդուժի կողմից Դեյր էլ-Զորում սիրիական բանակային օբյեկտների հրթիռակոծումը, որի հետևանքով զոհվել է ավելի քան 6 տասնյակ սիրիացի զինծառայող, վիրավորվել՝ շուրջ 100 մարդ:
«ԵՎ սիրիական բանակի, և՛ հատկապես հրադադրի ռեժիմին նախնական համաձայնություն տված բազմաթիվ հակակառավարական կառույցների կողմից շարունակվող ռազմագործողություններն. ըստ պաշտոնական Դամասկոսի՝ հրադադարի 7 օրերի ընթացքում ընդդիմադիրներն այն խախտել են ավելի քան 300 անգամ»,-նշեց փորձագետը:
Իսկ վերջին, ամենաառարկայական միջադեպը, Արեմ Պետրոսյանի խեսով, ռուսական կամ սիրիական օդուժի կողմից սեպտեմբերի 20-ին ՄԱԿ-ի մարդասիրական օգնության ավտոշարասյան հրթիռակոծումն էր, որի հետևանքով 31 բեռնատարներից առնվազն 18-ը վնասվել է, ինչպես նաև զոհվել է «Կարմիր մահիկի» կազմակերպության 12 աշխատակից, այդ թվում՝ կառույցի սիրիական մասնաճյուղի ղեկավարը:
«Իրավիճակային պատճառներից բացի, շատ ավելի առարկայական են հրադադարի ռեժիմի հիմնական պատասխանատու գերտերությունների՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շարունակվող տարաձայնություններն ու մրցակցությունը նաև մերձավորարևելյան տարածաշրջանում. ասել է թե, տևական բանակցությունների արդյունքում ձեռք բերված համաձայնությունները փաստաթղթեր էին ընդամենը միջազգային հանրությանը որևէ ջանք, արդյունք ցույց տալու նպատակով՝ բնականաբար առանց լուրջ հիմքերի, կողմերի վճռականության ու սկզբունքայնության»-ընդգծեց արաբագետն ու հավելեց. Մոսկվայի և Վաշինգտոնի միջև դեռևս առկա են բավականին խորը հակասություններ նաև այլ տարածաշրջաններում առկա միջազգային տարաբնույթ հիմնախնդիրների շրջանակներում, բացի այդ, ամերիկյան ներկա վարչակարգը, կարծես թե, խուսափում է ստանձնել և հունվարից Սպիտակ տանը հաստատվելիք նոր իշխանություններին ժառանգել Մոսկվայի հետ ձեռք բերված բավական խնդրահարույց պայմանավորվածություններ, ստանձնած պարտավորություններ, որոնց մանրամասներն այդպես էլ ցայժմ չեն հրապարակվել հենց ամերիկյան կողմի պահանջով»:
Արմեն Պետրոսյաի համոզմմաբ՝ Սիրիայում առկա իրավիճակն, ինչպես նաև ուրվագծվող գործընթացները թույլ են տալիս ենթադրելու, որ Սիրիայում, առնվազն առաջիկա կես տարվա ընթացքում առավել կակտիվանան ռազմագործողությունները, կթեժանա իրավիճակը հատկապես երկրի հյուսիսային շրջաններում՝ հաշվի առնելով նաև թուրքական զինուժի, քրդերի ներգրավվածությունը այստեղ ծավալվող գործընթացներին, քանի որ սիրիական հակամարտության ինչպես ներքին, այնպես էլ արտաքին խաղացողները կփորձեն օգտագործել ստեղծված ժամանակային միջանցքը սեփական դիրքերն ավելի ամրապնդելու նպատակով: