21-04-2014 20:11

Խորտակված ՛՛Սևոլ՛՛ նավի զոհերի որոնման աշխատանքների համար ռոբոտներ կկիրառվեն

Խորտակված ՛՛Սեւոլ՛՛ նավի վրա տարվող որոնողա-փրկարարական գործողությունների արդյունքում եւս 15 զոհերի մարմիններ են հայտնաբերվել: Այսպիսով, վթարի հետեւանքով զոհված ուղեւորների ընդհանուր թիվը 80-ի է հասել, հաղորդում է ՛՛Ռենխապ՛՛ գործակալությունը:

՛՛Մինչ այդ, մահացած ուղեւորների մարմինները գտնելու նպատակով, ջրասուզակներն այսօր փորձել են խորտակված լաստանավի երրորդ տախտակամածին տեղակայված ռեստորանի տարածք ներթափանցել: Գիշերը նրանց հաջողվել էր այնտեղ տանող ուղիներ գտնել՛՛,-հայտնել է կառավարության օպերատիվ շտաբի մամուլի քարտուղար Կո Մեն Սոկը:

Որոնողա-փրկարարական աշխատանքների ընթացքում առաջին անգամ գիշերային ժամերին եւ ուժեղ հոսքի պայմաններում աշխատելու ընդունակ ռոբոտներ են կիրառվել: Միացյալ Նահանգներում գործող երկու օպերատորների կողմից կառավարվող այդ սարքերը կարող են մինչեւ 3 հազար մետր խորության վրա շահագործվել:

Լաստանավից փրկված դպրոցականների շուրջ 20 տոկոսը հոգեբանական օգնության կարիք ունի: Նրանք լուրջ նյարդա-հոգեբանական սթրեսի եւ դեպրեսիայի մեջ են գտնվում: Այս մասին հայտնել են Կորեական թերակղզու Անսան քաղաքի հիվանդանոցից, որտեղ 81 դպրոցական է գտնվում, որոնցից 74-ը` Danwon High School-ի ավագ սաներ:

Հիշեցնենք, որ հարավկորեական «Սեւոլ» լաստանավը, որ Ինչխոն-Չեչժու երթուղով էր ընթանում, ապրիլի 16-ի առավոտյան թերակղզու հարավ-արեւմտյան ափերի մոտ վթարի էր ենթարկվել: Վթարի ժամանակ նավի վրա էին գտնվել 476 մարդ, ներառյալ ուղեւորներն ու անձնակազմի անդամները: Ուղեւորների մեծ մասը բարձր դասարաններում սովորող դպրոցականներ էին: Նախնական տվյալներով, վթարի պատճառ է դարձել նավի չափազանց կտրուկ մանյովրը: «Սեւոլը» ներկայումս 37 մետր խորության վրա է գտնվում: Փրկվածների թիվը 174 է: 233 մարդ դեռեւս անհետ կորած է համարվում: