Բավ է պառակտվել
29-05-2014 11:53

Սերբիայում ջրհեղեղների վնասը 1 մլրդ եվրո է գնահատվել. լուսանկարներ

Սերբիայում ջրհեղեղների վնասը գնահատվել է մոտ 1 մլրդ եվրո, այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը:

Արտերկրից ստացված օգնությունը կարող է ծածկել վնասի մոտ 20%-ը, նշել է վարչապետը։ Ըստ նրա հեղեղված շրջաններում իրավիճակը կարգավորվում է, կառավարությունը կազմել է բնական աղետից հետո վերականգնման պլանը։

«Բոլոր նրանք, որոնց տները քանդվել են, կստանան նոր տուն»,- հայտարարել է վարչապետը՝ հավաստիացնելով նաև, որ պետությունը կհոգա բոլոր հանրապետական և տեղական նշանակության ճանապարհների վերակառուցումը։

Վուչիչը խոստացել է, որ պետությունը կօգնի ֆերմերներին՝ տրամադրելով սերմեր, պարարտանյութեր, ինչպես նաև մասամբ փոխհատուցելով սատկած կենդանիների վնասը։

Վարչապետը կարծում է, որ 7-8 օր անց Օբրենովաց քաղաքը, որն ամենաշատն է տուժել աղետից, «կվերադառնա բնականոն կյանքի»։ Դեռևս տարհանված մարդկանց վերադարձն այնտեղ արգելված է։