25-04-2017 12:11

ԱՄՆ-ի սենատորները Թուրքիայից պահանջում են դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտումը

Մի խումբ հայամետ ամերիկացի սենատորներ, որոնց թվում են Ռոբերտ Մենենդեզը, Թեդ Քրուզը, Էդ Մարկին և Թոմ Յուդալը առաջ են տանում մի բանաձև, որը իբրև ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության առաջնահերթություն կամրագրի Հայոց ցեղասպանության ժխտումը դադարեցնելու վերաբերյալ Թուրքիային ուղղված պահանջը: Այս մասին հայտնում են Ամերիկայի Հայ Ազգային կոմիտեից (ANCA):
ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը շնորհակալություն է հայտնել սենատորներին՝ տվյալ նախաձեռնության համար:
«Ակներև է, որ այս երկկուսակցական բանաձևի հեղինակները հստակ ձևակերպել են, որ հայ-թուրքական հարաբերություններում որևէ էական փոփոխություն գրանցելու համար անհրաժեշտ է, որ Թուրքիայի ղեկավարությունը նախ և առաջ ճանաչի Հայ ազգի ցեղասպանության փաստն ու դրա հետևանքները, որից հետո մարդկության դեմ կատարած այդ հանցագործության վերաբերյալ ազնիվ և ընդգրկուն միջազգային բանաձև ընդունի»- ընդգծել է Համփարյանը:
Այս տարի ապրիլի 24-ին ողջ աշխարհի հայությունը նշում է Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը:
1915թ. Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է:
Թուրքիան ավանդաբար ժխտում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ 1,5 միլիոն հայերի զանգվածային բնաջնջման մեղադրանքները, և չափազանց ցավոտ է արձագանքում Հայոց ցեղասպանության վերաբերյալ Արևմուտքի քննադատություններին: