10-06-2016 16:24

Մուհամեդ Ալիի ընտանիքը ստիպել է Էրդողանին չմասնակցել չեմպիոնի թաղմանն ու հեռանալ

Լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալիի թաղմանը մասնակցելու համար ԱՄՆ մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը առանց թաղմանը մասնակցելու վերադարձել է Թուրքիա։

Թուրքիայի նախագահը ցանկացել է ելույթ ունենալ Մուհամեդ Ալիի թաղման արարողությանը, սակայն Ալիի ընտանիքը մերժել է: Էրդողանը ցանկացել է Մեքքայից բերված սուրբ կտորի հատված դնել Ալիի դագաղի մեջ, սակայն ընտանիքի անդամները դա էլ են մերժել։ Էրդողանը խնդրել է, որ թաղմանը Թուրքիայի կրոնական գործերի կառավարիչը Ղուրան կարդա, սակայն այս պահանջը ևս մերժվել է, ինչից վիրավորված Էրդողանը առանց թաղմանը մասնակցելու վերադարձել է Թուրքիա։

Ալիի հուղարկավորության արարողությունը Լուիսվիլում երկու փուլով է: Հունիսի 9-ին տեղի ունեցած առաջին փուլը փակ է եղել եւ ներկա են եղել հարազատները և բարեկամները: Երկրորդ փուլը տեղի կունենա հունիսի 10-ին Լուիսվիլի KFC Yum Center մարզապալատում, որի ինտերնետային էջը կկազմակերպի ուղիղ հեռարձակում:

Հիշեցնենք, որ Մուհամեդ Ալին հունիսի 3-ին 74 տարեկանում մահացել էր ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքի հիվանդանոցում: Մոտ 30 տարի նա պայքարում էր Պարկինսոնի հիվանդության դեմ, իսկ մահը վրա է հասել սեպտիկ շոկի հետեւանքով, որը տեղի է ունեցել «չպարզված բնական պատճառներով»: