Բավ է պառակտվել
15-09-2015 08:29

Նյու Յորքում կկայանա ՄԱԿ ԳԱ հոբելյանական 70-րդ նստաշրջանը

Այսօր Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում մեկնարկում է Գլխավոր ասամբլեայի հոբելյանական 70-րդ նստաշրջանը, որի ընթացքում կքննարկվի մոտ 170 հարց: Հոբելյանական նիստը կբացի Դանիայի ներկայացուցիչ Մոգենս Լյուկետոֆտը, ով մեկ տարով ընտրվել է ԳԱ նախագահը: Բացման խոսքից հետո ավանդույթի համաձայն, կլինի լռության րոպե: Առաջին օրը կհամաձայնեցվեն աշխատանքի կազմակերպման և օրակարգի հաստատման հարցերը: ԳԱ-ի նիստին քննարկվող հարցերը բաժանված են մի քանի թեմատիկ բլոկերի։ Կքննարկվեն միջազգային ֆինանսական համակարգի և առևտրի զարգացման, մշակութային արժեքներն իրենց ծագման երկրներ վերադարձնելու, զարգացող երկրներում մալարիայի վարակման ծավալների կրճատման, աղքատության վերացման, կանանց վիճակի բարելավման մասին թեմաները։ Նիստերի ընթացքում կքննարկվեն նաև միջազգային խաղաղության և անվտանգության հարցերը, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքի, Իսրայելի գործողությունները Պաղեստինում, ինչպես նաև Աֆղանստանում, Կիպրոսում տիրող իրավիճակը, զինված ագրեսիան Կոնգոյի Հանրապետության դեմ, փախստականների խնդիրը, զինված հակամարտությունների կանխումը և շատ այլ հարցեր։ Առանձին բլոկով կբարձրացվեն զինաթափման հետ կապված հարցեր, մասնավորապես՝ ռազմական բյուջեների կրճատման, սպառազինությունների մրցավազքի կանխարգելման, Աֆրիկայում միջուկային զենքից ազատ գոտու ստեղծման վերաբերյալ պայմանագրի, ինչպես նաև Մերձավոր Արևելքում նմանատիպ գոտու ստեղծման հարցերը: Քննարկման առարկա կդառնան նաև Միջուկային զինաթափման և փորձարկումների մասին ծանուցման վերաբերյալ հարցերը, ինչպես նաև զենքի վաճառքի վերաբերյալ պայմանագրի ու միջուկային փորձարկումների համընդհանուր արգելքի առնչությամբ համաձայնագրերը: Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախաձեռնությամբ՝ օրակարգում է նաև ԵՏՄ-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում դիտորդի կարգավիճակ տրամադրելու հարցը։ Հազարավոր փախստականների պատճառով Եվրոպայում զարգացող ճգնաժամի կապակցությամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հատուկ նիստ կանցկացնի սեպտեմբերի 30-ին։