10-01-2014 10:33

Սիրիայում ավելացող իսլամական ծայրահեղ արմատականության վտանգը, սպառնում է ոչ միայն տարածաշրջանին, այլև նրանից դուրս. արաբագետ

2014թ-ի սկզբին Սիրիայի ներսում ինտենսիվ մարտերը շարունակվում են հակամարտող կողմերի միջև:

Թե ինչ է կատարվում Սիրիայում news.gisher.ru-ի խնդրանքով վերլուծում է արաբագետ Սարգիս Գրիգորյանը. ՙՀիմնական ռազմական գործողությունների թատերաբեմ են վերածվել Սիրիայի մայրաքաղաքին հարող շրջանները, հյուսիսային` հիմնականում Հալեպին հարող որոշ տարածքներ, հյուսիս-արևելյան որոշ քրդաբնակ տարածքներ և կենտրոնական որոշ հատվածներ: Պետք է փաստել, որ վերջին օրերին կատաղի մարտեր են բռնկվել ինչպես սիրիական կառավարական ուժերի և ընդդիմադիր զինյալների միջև, այնպես էլ հենց չափավոր ընդդիմադիրների և իսլամական ծայրահեղ արմատական թևը ներկայացնող արմատական խմբավորումների, ինչպես նաև իսլամականների և քրդական ռազմական խմբավորումների միջև՚,- նշեց արաբագետ: Այն հարցին թե ինչպիսինն է հայ համայնքի վիճակը, Ս.Գրիիգորյանը պատասխանեց. ՙԴեռևս լարված իրավիճակ է հայաբնակ Հալեպում: Հայերը պահպանում են չեզոքություն, սակայն, ցավոք չի լինում խուսաբել զոհերից նաև հայերի շրջանում, որոնք հայկական թաղամասերի վրա ընկնող արկերի և հրթիռների պայթյունի հետևանքով են լինում՚,- ասաց նա: Զրուցակիցս նաև նշեց, որ հունվարի 22-ին, սիրիական հակամարտության խաղաղ կարգավորմանը միտված Ժնև 2-ի անցկացման օրվան ընդառաջ, կարծես, էլ ավելի են թեժանում ռազմական բախումները, որոնք կարելի է բացատրել հակամարտող կողմերի կողմից Շվեյցարիայում կայանալիք բանակցային գործընթացում ամուր դիրքեր ու բանակցային սեղանի շուրջ ասելիք ունենալով: ՙԺնև 2-ը, սակայն ոչինչ չի տա, եթե անկեղծ չլինեն հակամարտության մեջ ներգրավված ինչպես ներսիրիական, այնպես էլ արտասիրիական ուժերի ձգտումները սիրիական թնժուկը հանգուցալուծելու համար: Իսկ որոշ ուժերի մոտ (ինչպես Սիրիայում, այնպես էլ նրանից դուրս) հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ցանկությունները միախառնվում են սեփական շահերը հետապնդելու հետ, և եթե այդպես շարունակվի, ապա շատ ու շատ հարցեր կմնան չլուծված նաև 2014 թ-ին՚: Մի կարևոր փաստ ևս, ըստ արաբագետի ավելացող իսլամական ծայրահեղ արմատականության վտանգը, սպառնում է ոչ միայն տարածաշրջանին, այլև նրանից դուրս: