23-01-2014 17:35

Ի զորու՞ է «Ժնև 2»-ը տալ սիրիական հակամարտության հանգուցալուծման բանալին


Շվեյցարիայի Մոնտրյո քաղաքում երեկ գումարված սիրիական հակամարտության կարգավորմանն ուղղված «Ժնև 2»-ի մեկնարկային օրը հագեցած էր մասնակից կողմերի ելույթներով, կարծիքների փոխանակությամբ, ինչպես նաև որոշ անսովոր միջադեպերով: News.gisher.run-ն այս ամենի մասին խոսեց արաբագետ՝ Սարգիս Գրգորյանի հետ: Ըստ նրա, համաժողովի բացման օրը մասնակից կողմերի ելույթները ավելի շատ հիշեցնում էին արդեն հայտնի դիրքորոշումների բարձրաձայնման ու դրանք միջազգային առավել լայն հնչեղություն հաղորդելու փորձեր: ՙՄասնավորապես ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի խոսքում հստակ մատնանշվեց ԱՄՆ-ի կողմից բազմիցս շեշտված սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման այն միակ լուծման մասին, որը ԱՄՆ-ն տեսնում է հակամարտող կողմերի համաձայնությամբ ստեղծված անցումային կառավարություն ստեղծելու մեջ՚,-նշեց Պրն. Գրկգորյանն ու ընգծեց, որ Բաշար ալ-Ասադի ճակատագրի վերաբերյալ ԱՄՆ վերաբերմունքն արտահայտվեց Ջոն Քերիի այն բարձրաձայնմամբ, ըստ որի ԱՄՆ-ն չի տեսնում Բաշար ալ Ասադին այդ կառավարության կազմում:
Արաբագետի կարծիքով, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ելույթում նույնպես ամեն ինչ պարզ էր. ՙԼավրովի կոչն ուղղված վերաժողովի մասնակիցներին՝ ամեն ինչ անել օգնելու սիրիական կառավարությանն ու ընդդիմությանը միավորել ջանքերը երկրում ահաբեկչությունն արմատախիլ անելու, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանում սիրիական հակամարտության տարածումը կասեցնելու ուղղությամբ` լսելի էր դարձնում Ռուսաստանի դիրքորոշումն առ այն, որ Մոսկվան կողմնակից է հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերում ինչպես սիրիական ներկայիս իշխանության, այնպես էլ ընդդիմադիր որոշ շերտերի ներկայացվածության կարևորությունն այնպիսի երևույթի դեմ պայքարում, ինչպիսին է ահաբեկչությունը՚: Անրադառնալով նաև Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսի ելույթին, արաբագետը նկատեց, որ վերջինս կողմից մատնանշած այն միտքը, որ «Ժնև 2»-ը ահաբեկչության մեջ անհիմն մեղադրանքների համար չէ, այլ պետք է գործուն քայլեր մշակվեն անցումային կառավարության ստեղծման և դրա արդյունավետ գործունեության համար:
Սարգիս Գրիգորյանը փաստեց, որ ինչպես Սիրիայի արտգործնախարարի` Ուալիդ ալ-Մուալիմի, այնպես էլ ընդդիմադիր ուժերը ներկայացնող Սիրիայի ազգային կոալիցիայի ղեկավար Ահմադ Ջարբայի ելույթներն առաջին հերթին ուղղված էին միջազգային լսարանին:
ՙ«Ժնև 2»-ի առաջին օրը հագեցած էր մասնակիցների ելույթներով, որոնք ավելի շատ դեկլարատիվ բնույթ ունեին, և փաստում էին արդեն հայտնի իրողություններն ու տեսակետները: Համաժողովը, որի կայացումն արդեն կարելի է առաջընթաց համարել, կարող է դրական արդյունքներ գրանցել, եթե կողմերը չտրվեն հավելյալ ձևականությունների ու զգայականության և փորձեն գործնական նախաձեռնություններով հանդես գալ, որոնցից, ասենք, կարող է լինել անցումային կառավարության ստեղծումն ու դրան լրացուցիչ իրավասություններով օժտելը՚, ասաց Սարգիս Գրիգորյանը և շարունակեց. ՙՉնայած «Ժնև 2»-ում մեզ հրամցվող կարծիքները լավատեսություն չեն ներշնչում, սակայն, ըստ իս, սիրիական հակամարտության կարգավորմանն ուղղված որոշակի դրական միտումներ ու ձեռք բերված պայմանավորվածություններ ակնկալվում է համաժողովի կուլուարներում, որտեղ կողմերն ավելի ազատ ու անկաշկանդ կլինեն՚: Զրյուցն ամփոփելով արաբագետը համոզմունք հայտնեց, որ մեն դեպքում համաժողովի արդյունավետության վերջնական ցուցիչը կերևա ոչ թե ընդունված կամ չընդունված բանաձևում, այլ «Ժնև 2»-ից հետո ծավալվելիք գործընթացներում, որտեղ շատ հարցեր իրենց պատասխանները կստանան: