10-06-2014 11:11

Սան Պաուլուի մետրոյի աշխատակիցները դադարեցրել են գործադուլը

Երկուշաբթի Սան Պաուլուի մետրոյի աշխատակիցների արհմիությունը դադարեցրել է գործադուլը, որը սկսվել էր հինգ օր առաջ եւ տրանսպորտային լուրջ խնդիրների պատճառ դարձել Բրազիլիայի այս մեգապոլիսի համար: Սան Պաուլուի 12 միլիոն բնակիչները գործադուլն ավարտելու մասին լուրն ուրախությամբ են ընդունել, սակայն ճգնաժամային իրավիճակն ամբողջությամբ հաղթահարելու մասին խոսք անգամ լինել չի կարող: Հունիսի 11-ին արհմիության ակտիվիստները մտադիր են հերթական ժողովն անցկացնել, որից հետո գործադուլը կարող է վերսկսվել: Այս պարագայում հունիսի 12-ին ֆուտբոլի աշխարհի առաջնության բացումն անցկացվելու է չգործող մետրոյով քաղաքում:
Գործադուլավորները ցանկանում են, որպեսզի Սան Պաուլուի կառավարությունը չեղյալ հայտարարի մետրոյի կայարանի մոտ ցույցեր կազմակերպած 40 ակտիվիստներին աշխատանքից հեռացնելու հրամանը: Արհմիության առաջնորդները համաձայնել են, որպեսզի մետրոյի աշխատողների աշխատավարձը բարձրացվի 8,7%-ով: Ավելի վաղ գործադուլավորները պահանջում էին աշխատավարձը բարձրացնել 12,2%-ով: