29-07-2014 09:02

Վրաստանի իշխանություններն ինձ քաղաքական մեղադրանք են առաջադրել. Սահակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր facebook-յան էջում նշել է, որ Վրաստանի իշխանություններն իրեն քաղաքական մեղադրանք են առաջադրել, տեղեկացնում է Грузия online-ը:
«Այն բանից հետո, երբ ոչ մեկ չգտավ իմ գողացած միլիոնները, քանի որ ես երբևէ ոչինչ չեմ յուրացրել, ընդհակառակը՝ Վրաստանի բյուջեն 11 անգամ ավելացրել եմ, չկարողացան ապացուցել ոչ մի կոնկրետ հանցագործություն, քանի որ ես ոչ մի հանցանք չեմ գործել և երկրում գրեթե զրոյական եմ դարձրել հանցագործության մակարդակը, ինձ քաղաքական մեղադրանք են առաջադրել»,- գրել է նա:
Սաակաշվիլիի խոսքերով՝ ռուս օլիգարխներից մեկն իրեն մեղադրում է, որ ընդհատել եմ մեկ այլ օլիգարխի կողմից երկրում հեղաշրջում անելու և անկարգություններ կազմակերպելու փորձը:
Նախկին նախագահը նշել է, որ չնայած Ռուսաստանը հաճախ է երկրում անկարգություններ կազմակերպել՝ այդ թվում տեղացի գործիչների միջոցով, իրենք երբեք ոչ մեկին չեն բանտարկել, քանի որ ազգային միասնականությունը վեր է դասել:
«Այսօր Ռուսաստանը նշում է այդ ձեռքբերումը, և Իվանիշվիլին, հավանաբար, արժանի գնահատական կստանա հրահանգը կատարելու համար, սակայն ես կարող եմ ասել, որ թե՛ Պուտինի, թե՛ Իվանիշվիլիի, որն ամենախոշոր մասնավոր բաժնետերն է «Գազպրոմում», ուրախությունը շուտով կավարտվի: Համաշխարհային գործընթացներն այնպես են դասավորվում, որ Պուտինի ազդեցությունն ամեն անցնող օր ավելի է թուլանում, և մենք անպայման կազատվենք օլիգարխից ու Վրաստանը մեկընդմիշտ կհաղթի»,- գրել է Սաակաշավիլին:
Ավելի վաղ news.gisher.ru-ն տեղեկացրել էր, որ Վրաստանի դատախազությունը պատրաստվում է մեղադրանք ներկայացնել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին: