22-01-2014 09:29

«Մեծ կաշառք» գործողության լուսաբանումը Թուրքիայում արգելվել է

Անցյալ տարի դեկտեմբերի 17-ին Թուրքիայում իրականացված «Մեծ կաշառք» գործողության հետ կապված լուրերի տարածման դեմ ժամանակավոր արգելք է դրվել։ Թուրքական OdaTV կայքի փոխանցմամբ՝ «Մեծ կաշառք» գործողության ժամանակ ձերբակալված ադրբեջանցի գործարար Ռեզա Զարրաբը եւ նրա կինը լուրերի վրա արգելք դնելու պահանջով դիմել են դատարան եւ դրական պատասխան ստացել։ Ստամբուլի քաղաքացիական գործերով 2-րդ դատարանը որոշում է կայացրել, որ մինչ «Մեծ կաշառք» գործի հետաքննության ավարտը լրատվամիջոցներին արգելվում է լուսաբանել այդ գործընթացը։ Հիշեցնենք,, որ թուրքական մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Ռեզա Զարրաբը մեղադրվում է խոշոր չափի մաքսանենգությունների եւ խոշոր չափերի կաշառքներ տալու մեջ։ Նշվում է, թե միայն գումարների փոխանցման համար մի քաղաքական գործչի վճարել է 103 մլն լիրա կաշառք, իսկ բանկի գլխավոր կառավարչին՝ 16 մլն։ Ռեզա Զարրաբը ձերբակալվել է դեկտեմբերի 17-ին և այս պահին գտնվում է կալանքի տակ։