Բավ է պառակտվել
30-04-2016 16:53

Սիրիական հակամարտության կարգավորման գործընթացը տապալման եզրին

«Փետրվարի 27-ից Սիրիայի տարածքում հաստատված բավական փխրուն հրադարը շատ մոտ է վերջնական տապալման»,-gisher.news-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց արաբագետ Արմեն Պետրոսյանը: Մասնագետի խոսքով՝ իրավիճակն ամբողջությամբ վերահսկողությունից դուրս է եկել հատկապես երկրի հյուսիսում՝ Հալեպի նահանգում: «Ընդհանուր առմամբ, ռազմական տեսանկյունից էականորեն պասիվ վերջին երկու ամիսները հակամարտ կողմերից յուրաքանչյուրը ծառայեցրեց սեփական շահերին. կառավարական ուժերի տեսանկյունից՝ երկրի որոշ հատվածներում սեփական դիրքերի ամրապնդման, իսկ ընդդիմադիր դերակատարների պարագայում՝ հիմնականում սեփական շարքերի համալրման և նոր սպառազինությունների ձեռքբերման նպատակով»-ընդգծեց արաբագետը: Սիրիական հակամարտության շրջանակներում նկատվող նոր միտումների համար, ըստ Արմեն Պոտրոսյանի, որոշակի ցուցիչի դեր կարող է ունենալ նաև խնդրի հանգուցալուծմանը նվիրված «Ժնև 3» բանակցային գործընթացում արձանագրված վերջին զարգացումները: «Մասնավորապես, «Ժնև 3-ի» հերթական՝ արդեն 3-րդ ենթափուլը ցույց տվեց, որ միջազգային հանրության բարձր հովանու ներքո նախաձեռնված գործընթացը ներկայում հայտնվել է փակուղում, և սիրիական ռազմադաշտում առկա վերջին իրողություններին զուգահեռ, հնարավոր է, վերջնականապես հանգեցնի հակամարտության կարգավորման վերջնական տապալմանը»,-մանրամասնեց փորձագետը:
Վերոնշյալի համատեքստում, և՛ սիրիական ռազմադաշտում ընթացող գործընթացները, և՛ Ժնևում ստեղծված իրողությունը արաբագետի թույլ են տալիս ենթադրելու զարգացումների առնվազն երկու հնարավոր սցենարի մասին: «Նախ այն, որ սիրիական արմատական ընդդիմությունը փոխհամաձայնեցված կերպով փորձում է շանտաժի միջոցով պարտադրել միջազգային հանրությանն՝ առավել մեծացնելու ճնշումները Սիրիայում գործող վարչակարգի վրա»,-ասաց Արմեն պետրոսյանն ու հավելեց. «Մյուս կողմից, և առվել մեծ հավանականությամբ, վերոնշյալ իրողությունները փաստում են, որ իրավիճակն իրականում դուրս է եկել վերահսկողությունից, և սիրիական հիմնախնդրի կարգավորմանը միտված, ու միջազգային հանրության կողմից մինչ այս գործադրված ամենամեծածավալ ջանքերն, ըստ էության, հերթական անգամ տապալվեցին, ինչը միանշանակորեն հղի է բավական վտանգավոր և ողբերգական հետևանքներով»: