Բավ է պառակտվել
11-03-2014 15:41

Քեթրին Էշթոնը այցելել է Իրան ու հանդիպել է հայ համայնքին

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը երեկ այցելել է Նոր Ջուղայի Սբ Ամենափրկիչ վանք: 

Վանքում նրան ընդունել է Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Բաբկեն եպիսկոպոս Չարյանը։
Ընդունելությանը մասնակցել են Շահինշահրի համայնքի հոգևոր տեսուչ Տեր Անանիա վարդապետ Գուճանյանը, պատգամավորական ժողովի, թեմական, կրոնական և այլ մարմինների ատենապետեր և ներկայացուցիչներ։

Պատվիրակության անդամները այցելել են որմնանկարներով զարդարված, 350-ամյա վաղեմություն ունեցող վանքի «Սուրբ Հովսեփ Արեմաթացի» եկեղեցի, որտեղ ելույթ է ունեցել «Կիլիկյան» երգչախումբը։

Սրբազանը Քեթրին Էշթոնին ներկայացրել է իրանահայության կյանքը, նրանց ունեցած առավելություններն ու իրավունքները։ Պատմել է, թե ինչ ակտիվ կյանք են վարում հայերը հոգևոր, ազգային և մշակութային ոլորտներում։ Մատնանշել, որ կառավարության հետ սերտ հարաբերություններ ունեն և որ 400 տարիներ ի վեր հայերը, որպես քրիստոնյաներ, հարգանքով և սիրով են ապրել իրենց մուսուլման քույրերի ու եղբայրների հետ։
Սրբազան հայրն ընդգծել է, որ Իրանի պետությունը միշտ աջակցել է հայկական եկեղեցիների և մշակութային կոթողների պահպանմանը, մինչդեռ տարիներ առաջ հարևան Ադրբեջանում ավերվել են Հին Ջուղայի պատմական խաչքարերը, ինչը մշակութային ցեղասպանություն է։
Էշթոնը եղել է նաև վանքի թանգարանում, որտեղ նրան ցույց են տվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստեր, Դեյր էզ Զորից բերված նահատակների մասունքներ։
Այցի վերջում Էշթոնը գրառում է արել թանգարանի հուշամատյանում։