Բավ է պառակտվել
26-03-2014 11:51

Քեսաբահայերին ծանր օրեր են սպասվում

Քեսաբահայերի վիճակն օր օրի վատանում է: Թուրքը կրկին սկսել է իրեն բնորոշ գործելաոճը կիրառել: Սոցիալ Դեմոկրատական Հնչակյան կուսակցություն իր բողոքի եւ դատապարտումի կոչերով միանում է աշխարհասփյուռ մեր հայրենակիցներին, որոնք արդարացիորեն ընդվզում են եւ խորը մտահոգությամբ հետեւում պատմական Քեսաբի ու քեսաբահայության ճակատագրին: Կուսակցության տարածած հայտարարությունում ասվում է. «Անժխտելի փաստ է, որ, առանց թուրքական իշխանությունների ուղղակի եւ անուղղակի մասնակցության, Քեսաբը հակամարտության թատերաբեմ չէր դառնա, ստիպելով մեր հայրենակիցներին, որ կրկին բռնեն տարագրությանն ճամփան: Միակ սփոփելի երեւույթը այն է, որ առանց մարդկային կորուստների նրանք կարողացել հասնել ապահով վայրեր: Այսուհանդերձ, պետք է գիտակցել, որ ծանր օրեր են սպասում մեր հայրենակիցներին եւ նրանք բարոյական եւ նյութական օգնության կարոտ են: Առ այդ, կոչ ենք անում մեր հայրենակիցներին կրկնապատկել իրենց ջանքերը, որպեսզի մեր հայրենակիցները կարողանան հաղթահարել այդ ծանր փորձությունները: Անհրաժեշտ է, որ համայն հայությունը գործի միասնական ու համախմբված ջանքերով, որպեսզի առավելագույնս կարողանանք օգտակար հանդիսանալ մեր սիրիահայ քույրերին եւ եղբայրներին»: