24-09-2015 13:25

ՔԲԿ-ի գործողությունները, կարող են պլանավորված լինել թուրքական ծառայությունների կողմից

Թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը այսօր պատասխանելով Gisher News-ի թղթակցի հարցին՝ կարո՞ղ է արդյոք Էրդողանը օգտագործել Քրդական Բանվորական Կուսակցության (ՔԲԿ) ակտիվացումը ի շահ իրեն՝ իր հասարակությանը ցույց տալով, որ երկրում ստեղծված կոալիցիան հանգեցնում է անկայուն իրավիճակի, ասաց. «Ժամանակ է պետք, որպեսզի կարողանանք փաստերով և փաստաթղթերով ապացուցել դա: ՔԲԿ-ի այս տեռորը կապված է նաև Սիրիայում քրդամետ ուժերի առաջխաղացման հետ, և Թուրքիան՝ որպես պետություն, ելնելով իր շահերից նպատակ ուներ թույլ չտալ, որ Թուրքիայի ՔԲԿ-ն և Սիրիայի ՔԲԿ-ն Քոբանիի գրավումից հետո միանան և միասնական ճակատ կազմեն»: Բանախոսը նկատեց, որ չնայած դրան ՔԲԿ-ի ակտիվացումը ավելի շատ պայմանավորված էր Թուրքիայի հետընտրական զարգացումներով.

« Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ Օջալանը գտնվում է Իմրալիում՝ թուրքական հատուկ ծառայության հսկողության տակ, և Թուրքիան լծակ ունի , որպեսզի ուղղորդի ՔԲԿ-ին՝ այդպիսի գործողություններ անել: ՔԲԿ-ի բռնկումը, ահաբեկչական գործողությունները, կարող էր նաև պլանավորված լիներ թուրքական հատուկ ծառայությունների կողմից, որպեսզի ստեղծվի խառնաշփոթ վիճակ և Էրդողանը ցույց տա իր ժողովրդին, որ տեսեք, եթե դուք մեզ չեք ընտրում՝ երկրում տիրում է ահաբեկչություն»:
Թուրքագետը նկատեց, որ դեռ պարզ չէ, արդյոք Էրդողանը կկարողանա՞ օգտագործել այդ ամենը իր օգտին.
«Դա կասկածելի է, որովհետև հենց այսօր հրապարակված հարցումների տվյալներով գոնե հարավ-արևմտյան, հարավային վիլայեթներում «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ոչ թե ավելացնում է իր ձայները, այլ կորցնում է:
Թուրքական մամուլում տեղ գտան նաև հարապարակումներ, որտեղ «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դեվլեթ Բախչելին մեղադրում է Էրդողանին, ասելով, որ նա չարաշահում է ազգայնական քարտը, կեղտոտ խաղ է վարում՝ փորձելով պոկել ազգայնականների ձայները»:

Մարինե Բարսեղյան