Բավ է պառակտվել
06-04-2014 14:06

Պուտինին պետք է դատել Հաագայում. Լեհաստանի նախկին նախագահ

Խաղաղության Նոբելյան մրցանակակիր, Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսան Rzeczpospolita թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին պետք է դատել Հաագայում կամ այլ միջազգային դատարանում՝ կապված Ղրիմում իրականացրած գործողությունների հետ, գրում է gazeta.ru-ն: «Ես սպասում եմ՝ երբ աշխարհը Պուտինին տղամարդու պես պատասխան կտա: Այժմ բոլորն ինչ-որ կոմբինացիաներ են օգտագործում»,- ասել է Վալենսան:
Նրա խոսքով՝ աշխարհը չպետք է ընդունի Ուկրաինայի բաժանումը, և դրա փոխարեն պարտավոր է միավորվել համատեղ ուժի շուրջ, «որը կստիպի Պուտինին ընտրել XXI դարին արժանի վարք»:
«Չի կարելի խախտել նորմերը, պայմանագրերը և ստեղծել աշխարհի ժողովուրդների համար վտանգ: Պետք է մի բան անել, որ յուրաքանչյուրն իմանա, որ նման բանի համար կդատվի: Դրա համար պետք է կազմակերպել միջազգային հանձնաժողով և սկսել Ռուսաստանի դեմ գործընթացը»,- համոզված է նախկին նախագահը:
Նա հավելել է, որ աշխարհը չի կարող Պուտինին ներել Կիևի Մայդանում զոհվածների և ուկրաինական տարածքի կորստյան համար, «որովհետև դա վատ կվերջանա բոլորի համար»: