13-05-2016 10:34

Քալիֆորնիայում օդանավը գլխիվայր ընկել է խաղողի այգիների վրա. 18 մարդ փրկվել է

ԱՄՆ-ում Cessna 208 օդանավը գլխիվայր վթարային վայրէջք է կատարել Քալիֆորնիայի նահանգի Ֆրեզնո քաղաքի մոտակա խաղողի այգիներում։ ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչության փոխանցմամբ՝ օդաչուն և 17 պարաշյուտիստները հրաշքով փրկվել են:

«Մեկշարժիչանի Cessna 208 օդանավում շարժիչի անսարքություն է առաջացել Լոդիի հյուսիսում՝ պարաշյուտային սպորտի կենտրոնի օդանավակայանից դուրս գալուց հետո»,- ասել է վարչության ներկայացուցիչ Յան Գրեգորը։ Նրա խոսքով՝ օդաչուն փորձել է շրջվել օդում և վերադառնալ, սակայն ստիպված է եղել կոշտ վայրէջք կատարել։

Օդանավը գլխիվայր վայրէջք է կատարել մայրուղուց ոչ հեռու։ Վթարից խուսափելու համար օդաչուն թռել է էլեկտրահաղորդման լարերի վրայով և վերջին պահին հասցրել է խուսափել բնակելի տանը բախվելուց։