Բավ է պառակտվել
27-08-2017 10:26

Հրդեհ՝ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրում

Նախօրեին ահազանգ էր ստացվել այն մասին, որ հրդեհ է բռնկվել Զանգեզուրի կենսոլորտային համալիրի Խուստուփ արգելավայրում:
Ինչպես նշվում է Բնապահպանության նախարարության Facebook-յան էջում. «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի աշխատակիցները հրդեհի բռնկման դեպք են արձանագրել Խուստուփ լեռան գագաթից 3-4 կմ հեռավորության վրա ( Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի ուղղությամբ):
Հրդեհը տարածվել է չորս ուղղություններով: Սկսվել են հրդեհաշիջման աշխատանքներ: Որոշ ժամանակ անց հաջողվել է մարել կրակը երեք ուղղություններով: Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվել են ամենից դժվարհասանելի տեղանքում, որտեղ խոչնդոտ է հանդիսացել ծովի մակարդակից 2500 մ. Բարձրությունը, ինչպես նաև անհասանելիությունը տեխնիկայի համար: Հրդեհաշիջմանը մասնակցել են ինչպես ԱԻՆ և բնապահպանության նախարարության աշխատակիցները, այնպես էլ տեղի բնակիչները:
Ինչպես հաղորդում են ԱԻՆ մամուլի ծառայությունից, դեպքի վայր են մեկնել 17 հրշեջ-փրկարար: Այրվել է խոտածածկ տարածք, կա հրդեհի տարածման վտանգ:
Կիրակի, ժամը 07:00-ի դրությամբ Զանգեզուրի կենսոլորտային համալիրի Խուստուփ արգելավայրի հրդեհն ամբողջությամբ մարվել է, ինչին նպաստելէ նաև անձրևը: Իրավիճակը գտնվում է հսկողության տակ: Իրականացվում է շուրջօրյա հերթապահություն: