Բավ է պառակտվել
15-02-2016 16:43

Ստամբուլում տարեց հայ զույգի վրա հարձակման մեջ կասկածվողներից 3-ը կալանավորվել են

Ստամբուլի Շիշլի թաղամասում հայ տարեց զույգի վրա իրականացված հարձակման և 85-ամյա հայ ոսկերիչ Հակոբ Դեմիրջիի սպանության հետ կապ ունենալու մեղադրանքով ձերբակալված 15 անձանցից 3-ը կալանավորվել են:Ձերբակալվածներից 12-ը կանայք են։ Նրանք ազատ են արձակվել՝ դատական վերահսկողության տակ մնալու պայմանով։ 
Կալանավորման մասին որոշում է կայացվել 3 տղամարդկանց՝ Արթութ Ա.-ի, Արամ Ե.-ի և Սերգեյ Բ.-ի նկատմամբ: 
Ըստ նախնական վարկածի՝ կողոպուտի նախաձեռնողը եղել է Դեմիրջիների տանն աշխատող հայ կինը։ Նա զանգահարել է Հայաստանում գտնվող իր ազգականներին ու կանչել՝ նշելով, որ «այդ զույգը շատ փող ունի»։ 
Հենց նա էլ հանցագործների առաջ բացել է դուռը։ 
Կասկածյալները հիմնականում ՀՀ քաղաքացիներ են։ Կասկածյալներն են՝ Արթուր Ա., Սերգեյ Մ., Արամ Հ., Մարիաննա Ե., Քրիստինե Մ., ինչպես նաև ազգությամբ հայ Թուրքիայի քաղաքացիներ Լիդա Բ., Նարգիզ Մ., Արմինե Մ.։ Նրանք տեղափոխվել են Ստամբուլ։ Հիշեցնենք, որ դեպքի մասին առաջինն ահազանգել է նրանց տան աշխատողը, ով գնացել է զույգի տուն, սակայն դուռը բացող չի եղել: Նա դիմել է տարեց զույգի ազգականներին, որոնք էլ զանգահարել են, ու, պատասխան չստանալով, դիմել են ոստիկանություն: Ոստիկաններն ու փրկարարները երրորդ հարկի պատուհանից մտել են տուն ու զույգին գտել են կապկպված բերաններով: Փրկարարները տեսել են, որ 79-ամյա կինը ողջ է և տեղափոխել են հիվանդանոց: Տղամարդն արդեն մահացած է եղել: