Բավ է պառակտվել
25-10-2016 09:34

Մոսուլից շուրջ 11 000 բնակիչ է հեռացել

ՄԱԿ-ի հումանիտար կազմակերպությունների տվյալներով` Իրաքի Մոսուլ քաղաքում սկսված ռազմական գործողությունների սկզբից ի վեր տարհանված անձանց ընդհանուր թիվը հասել է 10 728-ի:

«Մոսուլում ռազմական գործողությունների սկզբից ևեթ ներքին տեղահանության ենթարկվածների թիվը կազմել է 1788 ընտանիք կամ 10 728 մարդ` համաձայն հումանիտար կազմակերպությունների ընդհանուր տվյալների: Նրանցից 7428-ը մինչ այս պահը տեղահանված են», - ասել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության հորդանանյան բաժանմունքի մամլո քարտուղար Սքոթ Քրեյգը:

Նրա խոսքով` հումանիտար կազմակերպությունները դեռևս հստակ տվյալներ չունեն Մոսուլից Սիրիա մեկնած փախստականների մասին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ մոտ մեկ մլն մարդ ստիպված կլինի հեռանալ քաղաքից` «Իսլամական պետությունից» Մոսուլի ազատագրմանն ուղղված ռազմարշավի պատճառով: