Բավ է պառակտվել
20-10-2015 12:42

Ինչու՞ Անկարայի պայթյունների հետևում չի կարող կանգնած լինել ԻՊ-ն

«Որքան էլ Թուրքիայի իշխանությունները փորձեն հոկտեմբերի 10-ին Անկարայի երկաթուղային կայարանի հրապարակում կազմակերպված՝ «Աշխատանք, խաղաղություն, ժողովրդավարություն» խորագրով խաղաղ ցույցի ժամանակ որոտացած 2 խոշոր պայթյունների պատասխանատվության վեկտորն ուղղել դեպի «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունը, հանդես գալ մեղադրող հայտարարություններով, ձերբակալել ենթադրյալ կասկածյալների և այլն, այնուամենայնիվ նման եղանակով ԹՀ գործող վարչակարգը հայտնվում է շատ ավելի խոցելի իրավիճակում»,-նման տեսակետ gisher.news-ի հետ զրույցում նշեց արաբագետ Արմեն Պետրոսյանը: Ըստ փորձագետի՝ բանն այն է, որ ԻՊ-ի իրականացրած ահաբեկչական հարձակումները մշտապես տեղի են ունենում միևնույն սցենարով: «Ցանկացած գործողությունից հետո կառույցն անմիջապես ստանձնում է դրա պատասխանատվությունը, իսկ եթե ինքը չէ կանգնած հարձակումների հետևում, պարզապես քաջալերում է իրականացնողներին և մաղթում ավելի մեծ կորուստներ. ի դեպ, կատարման եղանակի առումով Անկարայում հնչած պայթյուններն ավելի մոտ են «Ալ Կաիդայի» ձեռագրին, թեպետ այս ծայրահեղական կառույցը ևս անմիջապես ստանձնում է գործողությունների պատասխանատվությունը»,-ասաց արաբագետը: Այս համատեքստում, Արմեն Պետրոսյանի խոսքով, ԻՊ-ի արձագանքն Անկարայի պայթյունների վերաբերյալ հնչել է դեռևս հոկտեմբերի 11-ին, երբ ծայրահեղական կառույցին պատկանող թվիթերյան թուրքալեզու հաշիվներից մեկի միջոցով տարածվել է հետևյալ հրապարակումը՝ «Անկարայում տեղի ունեցած ցույցի ժամանակ անհավատ կոմունիսնտերից մոտ 40 հոգի սպանվել է, և 100 հոգուց ավելին վիրավորվել: Շնորհավորում ենք գործողության հեղինակներին: Փառք Ալլահին, թող Ալլահը մահացածների թիվն ավելացնի: Արյունի մեջ խեղդվեցիք»: «Ի դեպ, ԻՊ-ը մոտավորապես նույն կերպով է արձագանքել, այսինքն՝ միայն շնորհավորել և ողջունել է ս.թ. հունվարի սկզբին փարիզյան Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի խմբագրատան դեմ իրականացված ահաբեկչական հարձակմանը, որի պատասխանատվությունը ստանձնել էր «Ալ-Կաիդայի» ճյուղավորումներից մեկը՝ «Ալ-Կաիդան Արաբական թերակղզում» կառույցը»,-հիշեցրեց մասնագետն ու հավելեց. «Վերոնշյալի համատեքստում, Անկարայի ահաբեկչական հարձակումների հետ կապված կարելի է առաջադրել երկու առավել հավանական սցենար՝ կամ, ԻՊ-ը քաղաքական խաղ է սկսել թուրքական իշխանությունների հետ՝ միտումնավոր կերպով չստանձնելով պայթյունների պատասխանատվությունը և դրանով իսկ բավականին խոցելի իրավիճակում հասցնելով թուրքական իշխանություններին, կամ, որ շատ ավելի հավանական է՝ գործողության իրականացման հարցում խառն է թուրքական «պետության» մատը, որի նպատակը նախընտրական շրջանում երկրում առկա ներքաղաքական, անվտանգային լրջագույն խնդիրներից բացի նաև արտաքին ահաբեկչության վտանգի մատնանշումն է, և իհարկե, այն պատրանքը, որ բոլոր խնդիրներն արմատախիլ անելու մենաշնորհը պատկանում է բացառապես Թուրքիայում իշող «Արդարություն և զարգացում» կուսակցությանն ու նրա վերնախավին»: Ինչևիցէ, մի բան անհերքելի է, արաբագետի համոզմամբ,որ կատարման առումով Անկարայի ահաբեկչական գործողությունները բավականաչափ թերի էին, ինչի հետևանքով Թուրքիայի իշխանություններին ծանրակշիռ հարցեր են առաջդրվելու դրանց հետաքննության և իրական մեղավորների «բացահայտման» գործընթացի հետ կապված:

Տաթև Առաքելյան