Բավ է պառակտվել
08-04-2017 20:59

ԱՄՆ-ի նախագահի հրամանով Սիրիայի վրա բաց թողնված տասնյակ հրթիռների զոհն են դարձել զինվորականներ և խաղաղ բնակիչներ (Տեսանյութ)

 

Օրվա համաշխարհային կարևորագույն թեման, որը զբաղեցնում է բոլոր լրատվամիջոցների առաջին տողերը. Միացյալ Նահանգները հրթիռակոծել են Սիրիայի կառավարական ռազմական բազան: Ամերիկյան ռազմանավերից սիրիական բազայի ուղղությամբ արձակել է 59 հատ «Tomahawk»: Այս պահի դրությամբ հայտնի է 19 զոհի մասին:
Սիրիային հարված հասցնելու հրամանը անձամբ Դոնալդ Թրամփն է տվել: Եվ դա առաջին դեպքը չէ, երբ ամերիկյան պետությունը շրջանցելով միջազգային իրավունքը հարվածում է սուվերեն երկրներին:
Կրակը մղվել է Միջերկրական ծովի արևելյան հատվածից: Լուսադեմին ամերիկյան երկու ռազմանավեր 59 «Tomahawk» են արձակել, հարվածելով Սիրիական Շայրաթ օդանավակայանին, որը Հոմսա գավառի մայրաքաղաքից 30 կմ հեռավորության վրա է գտնվում: Մինչև Միջերկրական ծովը հարյուրից պակաս կիլոմետրեր են, որտեղից էլ եղել է հարվածը: Դամասկոսը 122 կմ. հարավ է գտնվում:
Վլադիմիր Պուտինը Սիրիայի օդանավակայանին հասցված հարվածը սուվերեն պետության դեմ գործադրված ագրեսիա է անվանել: Այդ մասին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ռուսաստանի նախագահը Սիրիային հասցված հարվածները՝ միջազգային իրավունքի նորմերի խախտմամբ սուվերեն պետության դեմ գործադրված ագրեսիա է համարում, ընդ որում, հորինված պատճառաբանությամբ: Վաշինգտոնի այս քայլը զգալի վնաս է հասցնում առանց այդ էլ անմխիթար վիճակում գտնվող ռուս-ամերիկյան հարաբերություններին: Պուտինը Սիրիային հասցված հարվածների մեջ նաև ԱՄՆ-ի կողմից Իրաքում խաղաղ բնակչության շրջանում բազմաթիվ զոհերից միջազգային հանրության ուշադրությունը շեղելու փորձ է տեսնում:
Իսկ կարևորն այն է, ինչպես կարծում է Պուտինը, որ այդ քայլը մեզ չի մոտեցնում միջազգային ահաբեկչության դեմ պայքարի հանգուցալուծմանը, այլ ընդհակառակը, լուրջ խոչընդոտ է ստեղծում դրա դեմ պայքարի միջազգային կոալիցիայի ստեղծման, և այս համաշխարհային չարիքին էֆեկտիվ հակազդեցություն ցուցաբերելու համար, ինչն ի դեպ, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հռչակել է կարևորագույն խնդիրներից մեկը՝ դեռևս իր նախընտրական ծրագրում»,-Ասել է Դմիտրի Պեսկովը:
Ամերիկյան ռազմանավերից արձակված թևավոր հրթիռները խոցել են նաև օդանավակայանի վառելիքի պահեստը: Ավիաբազայում հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնել է Հոմսի նահանգապետը, առնվազն 19 մարդ զոհվել է: Նրանց թվում կան նաև խաղաղ բնակիչներ: Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ զոհերի թվում կան նաև երեխաներ: Երկու զինվորական էլ անհայտ կորած են համարվում:
«Այս հարձակումը ագրեսիա է ԱՄՆ-ի կողմից, որը աջակցում է տեռորիստական խմբավորումներին: Ամերիկյան հրթիռների համար թիրախ է դարձել զինյալների դեմ պայքարում կարևոր դեր կատարող օբյեկտ»,- հայտարարել է Հոմսի նահանգապետ Թայլալ Բարազին:
Հենց Շեյրաթ ավիաբազայից էին սիրիական օդաչուները թռիչքներ իրականացնում՝ հարվածներ հասցնելով ահաբեկիչների դիրքերին, որոնք փորձում էին փակել Հալեպ տանող ճանապարհը: Եվ իհարկե, Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում էլ այդ ռազմակայանի դերը գերագնահատելը բարդ է:
Այսօր օդանավակայանին վնաս է հասցվել: Օրինակ, լավ տեսանելի են վնասված թռիչքային սրահները, քանդված շինությունները: Բայց օդանավակայանի հիմնական հատվածը և թռիչքուղին չեն վնասվել:
«Հարվածի արդյունքում ավերվել է նյութա-տեխնիկական գույքի պահեստը, ուսումնական կորպուսը, ճաշարանը, վերանորոգման տակ գտնվող վեց «МиГ-23» ինքնաթիռ, ինչպես նաև ռադիոլոկացիոն կայանը: Թռիչքուղին և կայանատեղիում գտնվող սիրիական ԶՈւ ինքնաթիռները չեն վնասվել»,- այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
Ինչպես հայտնում են, բարաքներում ոչնչացվել են ուսումնական ինքնաթիռներ: Սակայն ավերածությունները կարող էին շատ ավելի մեծ լինել, եթե բոլոր արձակված թևավոր հրթիռներն իրենց թիրախին հասնեին:
«Ռուսական օբյեկտիվ վերահսկողության միջոցների տվյալներով Սիրիական ավիաբազային հասել է 23 հրթիռ: Մնացած 36 թևավոր հրթիռների անկման վայրը հայտնի չէ:Ներկա դրությամբ սիրիական իշխանությունների կողմից որոնողական աշխատանքներ են տարվում՝ մնացած 36 ամերիկյան թևավոր հրթիռների հայտնաբերման ուղղությամբ»,-հայտնել է Իգոր Կոնաշենկովը:
«Հնարավոր է, որ որոշակի սխալներ են թույլ տրվել թիրախների տեղորոշման կոորդինատներում, կամ էլ այն« Tomahawk»-ները, որոնք կիրառվել են հարվածների համար, արդեն, այսպես ասած ժամկետնանց են եղել, և տեխնիկական շահագործման ենթակա չեն եղել»,- ենթադրել է ռազմական փորձագետ Իգոր Կորոտչենկոն:
Ագրեսիայի այս ակտից հետո Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունից հայտարարել են, որ Սիրիայի օդային տարածքի անվտանգության ապահովման վերաբերյալ հուշագրի շրջանակներում Պենտագոնի հետ համագործակցությունը կասեցված է: Պենտագոնում արդեն արձագանքել են դրան, հայտարարելով, որ ԱՄՆ-ն հույս ունի թռիչքների անվտանգության հարցում պահպանել Ռուսաստանի հետ կոնտակտները:
«Պաշտպանության նախարարությունը(ԱՄՆ) պահպանում է թռիչքների անվտանգության ապահովման միջոցով երկխոսությունը շարունակելու ցանկությունը: Պատահականությունների և սխալ հաշվարկների կանխումը կատարվում է ի շահ բոլոր կողմերի, ովքեր գործում են Սիրիայի օդային տարածքում: Եվ մենք հույս ունենք, որ ՌԴ Պաշտպանության նախարարությունը ևս նման եզրահանգման կգա»,- հայտարարել է ԱՄՆ ՊՆ հատուկ ներկայացուցիչ Միշել Բալդանզան:
Բայց նայելով այս կադրերին, առայժմ միայն մի եզրահանգման ես գալիս՝ տարօրինակ երկխոսություն է ստացվում: Արդարացնելով հրթիռակոծումը ԱՄՆ-ն հայտարարել է՝ հրթիռային հարվածը հասցվել է օդանավակայանին, որովհետև այդտեղից, ինչպես կարծում են Վաշինգտոնում, օդ են բարձրացել ինքնաթիռներ, որոնք թունավորող նյութերով ռումբեր են նետել Իդլիբ նահանգի վրա: Հարվածի հրաման տալով Դոնալդ Թրամփն իր քայլը բացատրել է ԱՄՆ-ի համար կենսական նշանակություն ունեցող շահերով:
« Միացյալ Նահանգների կենսական շահերից է հանդիսանում մահաբեր քիմիական զենքի տարածման և կիրառման կանխումը: Կասկած չկա, որ Սիրիան արգելված քիմիական զենք է կիրառել՝ խախտելով քիմիական զենքի կիրառման վերաբերյալ կոնվենցիայի շրջանակներում իր ստանձնած պարտավորություններն ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բազմաթիվ բանաձևեր: Ասադի վարած քաղաքականությունը փոփոխելու վերջին բոլոր փորձերը դրամատիկ կերպով ձախողվեցին»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը:
Այս մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը փորձել է նախագահից ճշտել հարվածների օրինականությունը, ասելով.« Պարոն նախագահ, որո՞նք են հարվածի իրավական արդարացումները»: Բայց պատասխանը՝ լռություն: Ավելի ուշ, ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինի հետ Թրամփի հանդիպման ավարտին լրագրողները կրկին փորձել են վերադառնալ ԱՄՆ-ի կողմից Սիրիայի ռազմական բազային հասցված հարվածին. Եվ կրկին լռություն:
Թրամփը, հարվածի հրաման տալով, այժմ խուսափում է նման հարցերից: Ինչու՞: Մնում է միայն գուշակել: Բայց ակներև է, որ կասկածելի են ոչ միայն հարվածի դրդապատճառը, դրա օրինականությունը, այլ նաև ավելի վաղ արված ենթադրությունների շտապողականությունը, որ ամեն ինչում մեղավոր է նախագահ Ասադը, ով իբրև թե քիմիական զենք է օգտագործել:
«Կան բոլոր հիմքերը՝ ենթադրելու համար, որ Իդլիբ նահանգի տարածքը, որին հարվածներ է հասցրել սիրիական օդուժը, վերահսկվել է այն նույն «նուսրացիների» կողմից, ովքեր հարվածներ կրած թաղամասներում ունեին իրենց ստորաբաժանումները, զինամթերքը, տեխնիկան: Նույն տեղում, ինչպես պարզվեց, գտնվել է նաև ականառումբերը (ֆուգաս) թունավոր քիմիական նյութերով հագեցնելու գործարանը: Մենք ներկայացրել ենք այս փաստերը, առանց դրանք «վերջին ատյանի ճշմարտություն» կոչելու, այլ ասել ենք, որ դա տեղեկություն է, որին մենք տիրապետում ենք, և պահանջել ենք տվյալ միջադեպի շրջան անհապաղ Քիմիական զենքի արգելման կազմակերպության փորձագետներ ուղարկել, որպեսզի տեղում, սեփական աչքերով կարողանանն պարզել, թե ինչ է կատարվել:
Չսպասելով հսկիչ խմբի ուղևորությանն ու հետաքննությանը հարվածներ են հասցվել»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
Հատկանշական է նաև այն, որ սիրիական օդանավակայանին հասցված հարվածների մասին ամերիկյան կոնգրեսականները տեղեկացել են նորություններից: Եվ ոմանց դա պարզաբես զարմացրել է, մյուսներին՝ զայրացրել: Չէ որ սահմանադրության համաձայն ԱՄՆ-ի նախագահը պարտավոր է ցանկացած ռազմական գործողության համար ստանալ Կոնգրեսի համաձայնությունը: