Բավ է պառակտվել
11-08-2017 15:28

ՀՀ-ում բռնկված անտառային հրդեհի տարածքն ընդլայնվում է, դեպքի վայրում են ԱԻ և Բնապահպանության նախարարները

Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ու Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ուրբաթ օրը այցելել են Վայոց ձորի մարզ, որտեղ խոտածածկ տարածք և անտառային գոտի է այրվում:
Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻՆ-ը, ուրբաթ օրը ժամը 14.00-ի դրությամբ այրվող խոտածածկույթի և անտառների տարածքը կազմում է 250 հա:
Առաջին անգամ հրդեհաշիջման աշխատանքների համար օգտագործվում են մոտակա ջրամբարի պաշարները և աշխատանքներին աջակցում է մասնավոր «Լիդիան Արմենիա» ընկերությունը, որը տրամադրել է ծանր տեխնիկա և ջրատարներ, որոնք ջուր են մատակարարում հրշեջ մեքենաներին: Ընկերության փրկարար ջոկատը, որը վերապատրաստվել է նախարարությունում, ևս պատրաստ է մասնակցություն ունենալ հրդեհաշիջման աշխատանքներին:
Արտավան գյուղի մոտակայքում սկսված հրդեհի մասին ահազանգը ստացվել էր նախօրեին՝ ժամը 18:50-ի սահմաններում:
Ուրբաթ առավոտյան ժամը 09:30-ի դրությամբ, հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է 5 մարտական հաշվարկ, 92 հրշեջ-փրկարար, ՀՀ ԶՈւ 100 զինծառայող, ոստիկանության 73 աշխատակից:
Այրվել է 14 էլեկտրասյուն, հոսանքազրկվել է Արտավան գյուղը:
Աշխատանքներին ներգրավվել են նաև ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաօդային ուժերի ուղղաթիռ: Փրկարարներին և հրշեջներին օգնում են անտառտնտեսության աշխատակիցները, պետական բնապահպանական տեսչության աշխատակիցները, ինչպես նաև Արտավան գյուղի բնակիչները: