Բավ է պառակտվել
29-12-2015 11:15

Մենք վերապատրաստվել ենք Թուրքիայում.ԻՊ գրոհային.

Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության կողմից գերի վերցված «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման գրոհայինը պատմել է, որ ինքը, ինչպես նաև ԻՊ-ի բազմաթիվ այլ գրոհայիններ ռազմական պատրաստություն են անցել Թուրքիայի Ադանա քաղաքի մոտ տեղակայված ճամբարում: Այս մասին հայտնել է ԻՊ գրոհային Աբդուրահման Ադբուլհադին, որը գերի է վերցվել  քուրդ ինքնապաշտպանական ուժերի կողմից:  Նա հավելել է, որ ինքը 60 ԻՊ զինյալների կազմում 2014-ին ռազմական պատրաստություն է անցել Թուրքիայի հարավարևմտյան Ադանա քաղաքին մոտ տեղակայված մի գյուղի տարածքում: Պատրաստության ընթացքում շաբաթական մեկ անգամ կրակային վարժանքներ են անցկացրել «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգներով, գնդացիրներով և այլ հրազենային զինատեսակներով: Զինյալներին մարզել են երկու հրահանգիչներ, որոնցից մեկը թուրք էր, մյուսն էլ թարգմանել է նրա խոսքը:  ԻՊ գրոհայինը պատմել է, որ իրենք ռազմական պատրաստություն են անցել Թուրքիայի տարածքում, քանի որ Սիրիայի տարածքում շարունակվող բախումների հետևանքով այդ երկրում մարզվելը գրեթե անհնար էր: Իսկ Ադանայի ճամբարը թուրքական կողմը ներկայացրել է իբրև Սիրիայում չափավոր ընդդիմություն համարվող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման մարտիկների մարզումների ճամբար` խուսափելով ահաբեկիչներին մարզելու մասին իրական տվյալների արտահոսքից: Թուրքիան հայտարարել է, որ պատրաստում է Սիրիայի այն զինյալներին, ովքեր պայքարում են «իսլամական պետությոան» դեմ և կտրականապես հերքում է ահաբեկչական կազմակերպություններին օգնություն ցուցաբերելու մեղադրանքները: Աբդուրահմանի հիմնական գործը եղել է Թուրքիայի տարածքում սիրիացիների հավաքագրումը: Նրանց նույնպես վերապատրաստել են նշված ճամբարում, ապա ուղարկել Ուրֆա, այնտեղից էլ` Սիրիայի հյուսիսային Ռաքքա նահանգ, որտեղ վերջիններս ստացել են համապատասխան հանձնարարություններ: