Բավ է պառակտվել
14-01-2015 12:12

Ահաբեկչությունից հետո Charlie Hebdo ամսագիրը թողարկվել է վեց լեզուներով

Ֆրանսիայում լույս է տեսել ահաբեկչությունից հետո Charlie Hebdo ամսագրի առաջին համարը: Ամսագրի շապիկին՝ ինչպես և խոստացել էր խմբագրությունը, պատկերված է Մոհամեդ մարգարեի ծաղրանկարը. այստեղ նա լալիս է ՝  «Ես Շարլին եմ» պաստառը ձեռքին: Իսկ շապիկի վերին հատվածում գրված է Tout est pardonné («Ամեն ինչ ներված է»): Ամսագրում Մոհամեդին նվիրված այլ ծաղրանկարներ չկան: Պատկերված է միայն ահաբեկչությանը նվիրված մի ծաղրանկար. երկու իսլամիստները հայտնվել են երկնքում և ապարդյուն փնտրում են իրենց խոստացած գուրիաներին, իսկ այդ պահին Charlie Hebdo-ի զոհված աշխատակիցները խրախճանքի մեջ են: Ընդհանուր առմամբ ամսագրի տպաքանակը կազմում է երեք միլիոն, մինչդեռ ահաբեկչությունից առաջ տպաքանակը կազմում էր 150 հազար: Համարը լույս է տեսել վեց լեզուներով, այդ թվում նաև անգլերենով, արաբերենով և թուրքերենով: Փարիզում կրպակների մոտ հերթեր են գոյացել, շատերը նախապես պատվիրել են ամսագիրը: Իսլամիստական կայքերում Մոհամեդին նվիրված ծաղրանկարի կապակցությամբ ամսագրի խմբագրությանը հասցեագրված արդեն իսկ սպառնալիքներ են հայտնվել: