Բավ է պառակտվել
30-03-2015 12:11

Սարկոզիի կուսակցությունը հաղթեց ընտրություններում

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի գլխավորած պահպանողականների «Միություն հանուն ժողովրդական շարժման» (Union pour un mouvement populaire, UMP) կուսակցությունը ջախջախիչ հաղթանակ տարավ տեղական ընտրություններում: Ընդհանուր առմամբ պահպանողականների օգտին է քվեարկել 101 դեպարտամենտից 66-ը: Իշխող Սոցիալիստական կուսակցությանը և նրա դաշնակիցներին հաջողվեց քվեներ հավաքել միայն 34 դեպարտամենտում: Ֆրանսիայի հարավ-արևմուտքի Կորեզ դեպարտամենտում, որը համարվում է Ֆրանսուա Օլանդի հայրենիքը, հաղթեց Սարկոզիի կուսակցությունը: Վոքլյուզ դեպարտամենտի «ձախ» և «աջ» ուժերը գրեթե կիսել են հաղթանակը: Մարի Լե Պենի «Ազգային ճակատը» չկարողացավ քվեների մեծամասնությունը ստանալ խորհուրդներից որևէ մեկում: Սարկոզիի կարծիքով՝ նրանք դեռևս այսպիսի քանակով ձայներ չեն ստացել, և դա վկայում է այն մասին, որ քվեարկողների մեծամասնությունը իր անվստահության քվեն է հայտնել Ֆրանսուա Օլանդին և նրա կառավարությանը: Իր հերթին Մարի Լե Պենը իր կուսակցության արդյունքը աչքի ընկնող հաջողություն է համարել, որը «ազգասեր ուժերի համար իշխանության ճանապարհին կարևորագույն քայլ է հանդիսանում»: Ֆրանսիական լրատվամիջոցների կարծիքով՝ տեղական կառույցների ընտրությունները իշխանությունների համար յուրօրինակ փորձադաշտ են հանդիսանում 2017 թվականի նախագահական ընտրությունների նախաշեմին: Թեև պաշտոնապես նախագահական ընտրությունների թեկնածուների անունները կհայտարարվեն միայն 2016 թվականին, սակայն նրանց անունները արդեն հայտնի են՝ սոցիալիստ Ֆրանսուա Օլանդը, Նիկոլա Սարկոզին UMP-ից և «Ազգային ճակատի» առաջնորդ Մարի Լե Պենը: