18-04-2016 09:45

Բրազիլիայի խորհրդարանի ստորին պալատը կողմ է քվեարկել նախագահի պաշտոնանկությանը

Բրազիլիայի Կոնգրեսի ստորին պալատը կողմ է քվեարկել երկրի նախագահ Դիլմա Ռուսեֆի պաշտոնանկությանը: Նման որոշմանն աջակցություն է հայտնել 342 պատգամավոր՝ ընդհանուր խորհրդարանականների թվի երկու երրորդը։ 
Այդկերպ խորհրդարանի ստորին պալատի պատգամավորներն ընդունել են Ռուսեֆին պաշտոնից ազատելու մասին նախաձեռնությունը։ Սակայն վերջնական որոշումը պետք է կայացնեն վերին պալատի սենատորները։ 
Բրազիլիայի նախագահի աշխատակազմի ղեկավար Ժակ Վագները հայտարարել է, որ երկրի սենատը, հավանաբար, չի աջակցի Ռուսեֆի պաշտոնանկության նախաձեռնությանը։
Նախագահ Ռուսեֆին մեղադրում են երկրի բյուջեի իրական դեֆիցիտը թաքցնելու համար։ 
Ռուսեֆն ինքն իր քաղաքական հակառակորդներին մեղադրում է պետական հեղաշրջում իրականացնելու նպատակով դավադրություն նախապատրաստելու համար։