Բավ է պառակտվել
25-04-2014 17:42

Փարիզի քաղաքապետ Անի Իդալգոն անդրադարձել է Էրդողանի ՛՛ցավակցականին՛՛

Փարիզի քաղաքապետարանում , որտեղ ապրիլի 24-ի առիթով հավաքված են եղել հայ համայնքի ներկայացուցիչները, նորընտիր քաղաքապետ Անի Իդալգոն հայտարարել է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, որը ցավակցություն էր հայտնել Հայոց ցեղասպանության զոհերի սերունդներին, առաջին քայլն է:

Ինչպես գրում է ֆրանսիական «L'Express» ամսագիրը, քաղաքապետարանում հավաքված հայերը աշխույժ քննարկել են Թուրքիայի վարչապետի հայտարարությունը՝ անելով տարբեր առաջարկություններ: Անդրադառնալով այդ թեմային, Փարիզի քաղաքապետն ասել է. ՛՛Խոսքը պետք է հնչի՛՛: Ապա նա հարց է հնչեցրել, թե ինչ կարող է նշանակել Էրդողանի այս ժեստը. ՛՛Արդյոք սա առաջընթաց է: Պե՞տք է իրերն ընդունել այնպես, ինչպես դրանք կան: Ես նախընտրում եմ լավատես լինել. սա առաջին քայլն է՛՛,-ասել է նա:

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի նախօրեին Թուրքիայի Հանրապետության վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «1915թ. իրադարձությունների առնչությամբ» հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ, մասնավորապես, ասվում է. «Այս օրը, որ առանձնակի նշանակություն ունի մեր երկրում եւ ամբողջ աշխարհում ապրող հայ քաղաքացիների համար, արժեքավոր հնարավորություն է ընձեռում պատմական իրադարձությունների վերաբերյալ կարծիքների ազատ փոխանակման համար: Չի կարելի հերքել, որ Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիները, նրա միլիոնավոր թուրք, քուրդ, արաբ, հայ եւ այլ ազգությունների քաղաքացիների համար` անկախ կրոնական եւ էթնիկ պատկանելությունից, բարդ եւ դառը իրադարձություններով լի ժամանակահատված են եղել»: