Բավ է պառակտվել
24-07-2015 12:45

Թուրքիայի երկրորդ խոշոր լիճը՝ Թուզը, ներկվել է կարմիր գույնով

Թուրքիայի երկրորդ խոշոր (Վանա լճից հետո) լիճ Թուզը ներկվել է կարմիր գույնով։ Գիտնականները հայտարարել են, որ արտաքուստ դա կարող է թվալ ապոկալիպսիսի նախանշան, սակայն իրականում ջրի գույնի փոփոխումը կապված է սեզոնային փոփոխությունների հետ և տեղի է ունենում ամեն տարի։ Տեղացիները դա անվանում են Աղի լիճ (թուրքերեն tuz բառը թարգմանվում է որպես աղ): Ծովային բնապահպանական ոլորտի խնդիրների ու երևույթների ուսումնասիրմամբ զբաղվող ամերիկացի գիտնական Քրսիտոֆեր Գոբլերը հայտարարել է, որ Թուզ լճում ամեն տարի ջրի գույնի փոփոխումը կապված է նրանում գտնվող միաբջիջ ջրիմուռի հետ։ Այն սկսում է աճել անվերահսկելի ձևով, երբ դրանով դադարում է սնվել պլանկտոնը։ Պլանկտոնն իր հերթին զանգվածաբար վերանում է ջրի մակարդակի տարեկան տատանումների պատճառով։ Երբ ջրի մակարդակը նվազում է, փոխվում է նաև ջրում պարունակվող աղի տոկոսային հարաբերակցությունը։ Սովորաբար դա տեղի է ունենում հուլիսին կամ օգոստոսին։ Ցրտերի և տեղումների սկսվելու պատճառով ջրի մակարդակը բարձրանում է, և տեղի է ունենում հակառակ գործընթացը։ Ընդգծվում է, որ ջրի գույնի փոփոխմամբ Թուզը միակ լիճը չէ աշխարհում։ Նման դեպքեր գրանցվում են նաև Ավստրալիայում ու Բոլիվիայում։