09-01-2014 11:31

Մոսկվայի օդանավակայաններն արգելում են օդանավ ցանկացած չափի հեղուկ տեղափոխելը


Panorama.am-ից տեղեկանում ենք, որ Մոսկվայի երկու խոշոր օդանավակայաններում գործում են նոր կանոններ, որոնք խստացնում են օդանավ հեղուկների անցկացման կարգը: Այսուհետ Շերեմետյևո և Վնուկովո օդանավակայաններում արգելված է ցանկացած քանակությամբ և տարայով հեղուկ օդանավ վերցնելը:
Նախկինում գործող կանոնների համաձայն արգելքը չէր տարածվում մինչև 100 մլ հեղուկների և մանկական կերի վրա, սակայն այսուհետ չվերթի ժամանակ ամեն անհրաժեշտը, սկսած կաթից և դեղորայքից անհրաժեշտ է հանձնել որպես ուղեբեռ: Դեղորայքը թույլ կտան օդանավ տանել միայն այն դեպքում, եթե բժշկից համապատասխան տեղեկանք լինի, որ այն կենսական նշանակություն ունի: Նշվում է, որ այս նոր կանոնները գործելու են մինչև մարտի 21-ը և կապված են օլիմպիական խաղերի անցկացման անվտանգությունն ապահովելու հետ: Միևնույն ժամանակ Մոսկվայի մյուս օդանավակայաններում դեռ չեն մեկնաբանում նոր կանոնները: