04-03-2014 10:32

ԵՄ-ն և ԱՄՆ-ը Ղրիմում լարված իրավիճակի համար կարող են ՛՛պատժել՛՛ ՌԴ-ին

ԵՄ երկրների ԱԳՆ ղեկավարները սպառնացել են պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ «Ղրիմում առաջխաղացման դեպքում»։
Եվրոպացի դիվանագետները, Մոսկվային մեղադրելով Ղրիմի ճգնաժամի սրման մեջ, վերջնագիր են ներկայացրել. եթե Մոսկվան մինչև մարտի 6-ը քայլեր չձեռնարկի «թերակղզում ծավալված իրավիճակի» հանդարտեցման ուղղությամբ, ապա կպատժվի:

Ըստ նախարարների՝ առաջին քայլը ՌԴ–ի և ԵՄ–ի միջև վիզաների դյուրացման շուրջ բանակցությունների կասեցումն է լինելու։ Ի լրումն, կդադարեցվեն բանակցությունները համագործակցության և փոխգործակցության մասին նոր բազային համաձայնագրի շուրջ։

Այս որոշումը կայացվել է Բրյուսելում՝ Ուկրաինայում տիրող իրավիճակին նվիրված արտակարգ հանդիպման ժամանակ:

Իսկ ԱՄՆ նախաագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Միացյալ Նահանգները քննարկում է Ռուսաստանի մեկուսացմանն ուղղված դիվանագիտական և տնտեսական միջոցառումների փաթեթը։ ԱՄՆ նախագահը նաև կոչ է արել Կոնգրեսին աշխատել իր ադմինիստրացիայի հետ՝ Ուկրաինայի համար տնտեսական աջակցության փաթեթ պատրաստելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է CNN-ը։

ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Ջ. Պսակիի խոսքով՝ պատժամիջոցներն իրականանալու «մեծ հավանականություն ունեն»։