Բավ է պառակտվել
24-11-2016 17:28

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը. Ո՞վ է Թերեզա Մեյը

Մեծ Բրիտանիայի ՆԳ նախկին նախարար, Պահպանողական կուսակցության առաջնորդ Թերեզա Մեյը պաշտոնապես Մեծ Բրիտանիայի պատմության երկրորդ կին վարչապետն է Մարգարեթ Թետչերից հետո:

Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնում Թերեզա Մեյը հաջորդեց Դեյվիդ Քեմերոնին, ով հայտարարեց հրաժարական տալու իր մտադրության մասին` կապված հունիսի 23-­ին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքների հետ, որի արդյունքում բրիտանացիների 52 տոկոսը կողմ քվեարկեց Եվրոպական միությունից դուրս գալուն:

Նոր վարչապետի երեք խնդիրները

Չնայած այն հանգամանքին, որ Մեյը դեմ է Բրյուսելի հետ հարաբերությունների խզմանը, հենց նա էլ պետք է ղեկավարի բանակցությունները, փորձի ԵՄ–ի հետ «ամուսնալուծության» լավագույն պայմանների հասնել։ «Brexit–ը նշանակում է Brexit, եւ մենք պատրաստվում ենք դրանում հաջողության հասնել»,– այսպես է սահմանել Մեյը իր հիմնական խնդիրը վարչապետի պաշտոնում։ Նոր կաբինետում ստեղծվելու է հատուկ պաշտոն՝ ԵՄ կազմից դուրս գալու հարցերով նախարար։

Միաժամանակ ապագա վարչապետը չի պատրաստվում արագացնել բանակցությունների մեկնարկը։ Նա արդեն հայտարարել էր, որ հույս ունի գործի դնել Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածը, որով ԵՄ կազմից անդամ պետության դուրս գալու ընթացակարգը սահմանվում է ոչ շուտ, քան մինչեւ հաջորդ տարվա սկիզբը։ Մինչեւ այդ պահը մնացած ժամանակը Լոնդոնը մտադիր է օգտագործել բանակցային դիրքերի նախապատրաստման նպատակով։ Այս պահին նման դիրք, ըստ էության, չկա։

Մեյն իր երկրորդ նպատակն էր անվանել երկրի եւ կուսակցությունների միավորումը։ Մեծ Բրիտանիայում հանրաքվեից հետո հասարակական կարծիքները տարանջատվել են, ինչը զարմանալի չէ, եթե հաշվի առնենք, որ Brexit–ին կողմ է քվեարկել 17.4 մլն մարդ, իսկ դեմ՝ 16.14 մլն մարդ։ Ստացվում է, որ բնակչության գրեթե կեսը պատրաստ չէ Բրյուսելի հետ հարաբերությունների խզմանը, բայց մեծամասնության որոշումը չեղարկել նույնպես ոչ ոք չի պատրաստվում։ Եվ վերջապես Մեյի երրորդ խնդիրը Մեծ Բրիտանիայի բարեփոխումն է այնպես, «որ այն համապատասխանի բոլորին, այլ ոչ թե փոքրաքանակ արտոնյալ մարդկանց»։

Համեմատություններ «երկաթյա լեդի » Մարգարետ Թետչերի հետ

59-ամյա քաղաքական գործչին , ով 2010-ին գլխավորել էր ՆԳՆ–ն, անընդհատ համեմատում են Թետչերի հետ, Թեչեզա Մեյը չի կարծում, որ իրենք նման են։ Միաժամանակ երկու քաղաքական գործիչների կարիերայում որոշակի նմանություններ կան։ Այսպես՝ Թետչերն ու Մեյը երկու անգամ պարտվել են խորհրդարանական ընտրություններում, նախքան պատգամավորական մանդատ ստանալը՝ համապատասխանաբար 1950, 1951 եւ 1992, 1994 թվականներին։ «Երկաթյա տիկինը» վարչապետի պաշտոնը ստանձնել է 53 տարեկանում, իսկ մինչ այդ նա 20 տարի աշխատել էր խորհրդարանում։ Մեյը կառավարությունը կղեկավարի 59 տարեկանում՝ խորհրդարանում 19 տարի աշխատելուց հետո։ Ընդ որում, Թետչերը 4 տարի շարունակ ընդդիմության առաջնորդ է եղել (1975-1979), իսկ Մեյը նման փորձ չունի։ Միաժամանակ ՆԳ նախարարի պաշտոնում անցկացրած 6 տարին ռեկորդային էին վերջին հարյուրամյակի ընթացքում։
Մամուլը Թետչերի եւ Մեյի միջեւ էական տարբերությունը տեսնում է ոճի մեջ: Եթե Մարգարետ Թետչերի ոճային գործնական կոստյումը նրա քաղաքական հաջողության գրավականն էր, ապա Թերեզա Մեյն աչքի է ընկել էքստրավագանտ ոճի կոշիկների հանդեպ իր սիրով, որը , ոճաբանների կարծիքով, հաճախ փչացնում է ընդհանուր «պատկերը»։

Ի՞նչ են խորհրդանշում Թերեզա Մեյի վագրանախշ կոշիկները

Թերեզա Մեյի համար արգելված մոդելներ չկան՝ ընձառյուծի նախշերով «նավակ» կոշիկներ, օձի կաշվից երկարաճիտ կոշիկներ, խոշոր ճարմանդներով կոշիկներ, անգամ գույնզգույն ռետինե երկարաճիտ կոշիկներ։ Նոր վարչապետը համադրում է աչք ծակող կոշիկները եւ գործնական կոստյումները։ Փորձագետները արդեն իսկ որոշակի վերլուծություններ են անում ՝ կապված նրա կոշիկներ հետ: Հնարավոր է, էքստրավագանդ կոշիկները քաղաքական ֆիասկոյից Մեյին պաշտպանող թալիսմանի պես մի բան են։ Փորձագետները նշում են, որ նա նախընտրում է ակտիվ գույներ, խոշոր զարդեր, բարակ կրունկներ եւ ագրեսիվ կենդանական նախշեր։ Լաքապատ կաշին, որը սիրում է Մեյը, իր մեջ շատ դրամա եւ էպատաժ է պարունակում, Նրա կերպարի վրա է հրավիրում ուշադրությունը եւ պաշտպանիչ հայելի է ծառայում, քանի որ այն լավ արտացոլող հատկանիշներ ունի։ Երկարաճիտ բոթֆորդ կոշիկները հեծյալի պատկեր են ստեղծում, որը հայտնի է Բրիտանիայում, իսկ ընձառյուծի նախշերը վկայում են իրեն եւ իր նախնական կենդանական բնազդները կառավարելու ունակության մասին։ Խիստ ոճի լաքապատ տղամարդու կոշիկները, որոնց միակ գլամուր դետալը կրունկների ճարմանդներն են, ծանրակշիռ փաստարկ են, որ նման կնոջ հետ կատակները վատ են վերջանում։ Նրա ճնշմանը կարող է դիմանալ միայն բանակում թրծված անձը։ Կենդանական նախշերը խիստ հագուստի համադրությամբ վկայում են, որ նոր վարչապետը վճռական եւ անկանխատեսելի անհատականություն է։