04-03-2016 09:43

«Նորմանդական քառյակին» չի հաջողվել համաձայնության գալ

Ուկրաինայի, Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները հուսով են, որ մինչև հունիսի վերջն Ուկրաինայի արևելքում կանցկացվեն տեղական ընտրություններ: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Մարկ Էյրոն: «Մենք ընդգծեցինք ընտրությունների մասին օրենքի ընդունման կարևորությունը, որպեսզի տեղական ընտրությունները հնարավոր լինի անցկացնել մինչեւ կիսամյակի վերջը»,- ասել է Էյրոն Փարիզում «նորմանդական քառյակի» բանակցություններից հետո: Չորս երկրների ներկայացուցիչները նաև հորդորել են մինչեւ ապրիլի 30-ն ազատել բոլոր գերիներին և անօրինականորեն պահվող անձանց: Մինչդեռ Ուկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինը բանակցությունների ավարտից հետո հայտարարել է, որ դրանց ընթացքում բեկում տեղի չի ունեցել: Նա հավելել է, ո րանհրաժեշտ է իրական առաջընթացի հասնել երկրի արևելքում հրադադարի հարցում, նախքան Ուկրաինան կկարողանա ընդունել նոր օրենքներ, որոնք թույլ կտան տեղական ընտրություններ անցկացնել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի այն շրջաններում, որոնք ներկայում չեն գտնվում Կիևի հսկողության ներքո: Բանակցություններից հետո Շտայնմայերը, պատասխանելով հունիսին ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի հսկողության տակ գտնվող տարածքներում հնարավոր ընտրությունների վերաբերյալ հարցին, ասել է, որ «ամեն ինչ կախված է այն բանից, թե Կիևը և Մոսկվան պատրաստ են արդյոք ավելի կառուցողականորեն համագործակցություն հանդես բերել այդ հարցում»: «Դա դեռևս բարդ է»,- հավելել է նա՝ չթաքցնելով հոռետեսությունը: