15-08-2017 16:29

Նշվել է Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհի հավանական պատճառն ու էկոհամակարգին հասցված վնասի չափսը (Լուսանկար)

  

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրել է Խոսրովի անտառում բռնկված հրդեհի հավանական պատճառներն ու արգելոցի էկոհամակարգի կրած վնասի նախնական չափսերը:
Արդեն չորրորդ օրն է ինչ հրշեջները, փրկարարները, զինվորականներն ու ոստիկանության աշխատակիցները, ինչպես նաև հասարակ քաղաքացիները պայքարում են Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհի դեմ, սակայն անարդյունք: Այրվում է « Ձմեռային» կոչվող հատվածն ու դրան հարակից խոտածածկ և անտառածածկ տարածքը:
Մինասյանը հայտնել է, որ Խոսրովի արգելոցում կրակը շատ արագ է տարածվել, և այն կասեցնելուն ուղղված անմիջական գործողություններն անարդյունք են եղել՝ ինչպես տեղնքի առանձնահատկությունների, այնպես էլ եղանակային պայմանների պատճառով:
«Մասնավորապես`հաշվի առնելով, որ պետական արգելոցում օրենքով արգելված է որևէ գործողություն իրականացնելը (մասնավորապես խոտհունձը, հակահրդեհային բաժանարարների ապահովումը) ժամանակի ընթացքում այստեղ այնպիսի միջավայր է ձևավորվել, որը բարձր ռիսկային դաշտ է ստեղծել»,- նախարարի խոսքերն է մեջբերում բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Մինասյանի խոսքերով, չնայած, որ ձեռնարկվել են բազմաթիվ կանխարգելիչ գործողություններ, այնուամենայնիվ, հրդեհից խուսափել չի հաջողվել, ինչի արդյունքում կրակը արագ տարածվել է արգելեցում և համայնքային նշանակություն ունեցող հողերում:
«Ներկայումս հրդեհը ընդգրկում է արգելոցի էական մասը, ինչը բնապահպանական առումով չափազանց մեծ վնաս է համարվում: Վնաս է հասցվել ինչպես բուսականությանը՝ հարյուրամյա ծառերին, այնպես էլ կենդանական աշխարհին»,- ընդգծել է Մինասյանը:
Նախարարը մանրամասնել է, որ հաշվի առնելով այն, որ արգելոցն իրենից ներկայացնում է էկոհամակարգ , բոլոր ձեռնարկված միջոցներն ու կիրառված մարդկային ու տեխնիկական ռեսուրսները չեն կարողացել զսպել կրակի տարածումը:

  
«Հրդեհաշիջման աշխատանքներ են կատարվում օդային տարածքից, ինչից հետո կսկսվեն մարվել առանձին մնացած հատվածները»,- հավելել է նա:
ԱԻՆ-ի վերջին տվյալներով, «ԻԼ 76» ինքնաթիռը, որը Խոսրովի արգելոցում բռնկված խոշոր հրդեհը մարելու նպատակով ՀՀ կառավարության դիմումից հետո ուղարկվել էր ՌԴ ԱԻՆ-ի կողմից, ժամը 13:00-ին, կրակի օջախները մարելու նպատակով երրորդ թռիչքն է իրականացրել: Առաջի երկու թռիչքները իրականացվել են նույն օրը՝ ավելի վաղ:
Բնապահպանության նախարարությունը կրակի դեմ պայքարելու նպատակով Խոսրովի արգելոց մեկնող բոլոր կամավորներին տեղեկացնում է, որ արգելոցի տարածքին մոտենան Ուրցաձորի կողմից, որտեղ բնապահպանության նախարարության և ԱԻՆ-ի աշխատակիցները կոորդինացնելու են ուժերի տեղաբաշխումը, և կամավորական խմբերն ուղարկելու դեպի կրակի տարբեր օջախներ:
Խոսրովի (Գառնու) արգելոցը տեղակայված է հարավ արևմուտքից Սևանա լիճը շրջապատող Գեղամա լեռնաշղթայի փեշերին: Արգելոցի մեծ մասը ընդգրկում է լեռնային, չորադիմացկուն բույսեր, որոնք կարողանում են դիմակայել բարձր ջերմաստիճանների ազդեցությանը: Տեղանքը աչքի է ընկնում բուսական և կենդանական աշխարհի յուրահատուկ բազմազանությամբ: Արգելոցը գտնվում է ծովի մակերեսից 1400-2250 մ բարձրությունների վրա:
Խոսրովի արգելոցում աճում է 1686 տեսակի բույս, որից 146-ը գրանցված է Կարմիր գրքում: Դրանց թվում է վայրի տանձը, խնձորենին, սալորենին, բալենին, արոսենին, նշենին, Վավիլովի աշորան: Այստեղ պահպանության տակ են նաև գիհու և կաղնու նոսր անտառները, լեռնային անթառամները, լեռնատափաստանային և կիսանապատային բույսերը:
Խոսրովի արգելոցում բնակվում են սարդանմանների, խեցգետնանմանների և միջատների հազվագյուտ տեսակներ, որոնց թվում շատ են Կարմիր գրքում գրանցված թիթեռնիկները: Արգելոցում բնակվում է նաև 5 տեսակի երկկենցաղ և ձուկ, 33 տեսակի սողուն, 142 տեսակի թռչուն, 55 տեսակի կաթնասուն, մասնավորապես՝ անդրկովկասյան գորշ արջ, վարազ, լայնականջ ոզնի, հայկական մուֆլոն, բեզոարյան այծ, լուսան, գայլ, աղվես, ընձառյուծ և այլն: