01-04-2014 15:30

ՆԱՏՕՆ-ն կընդլայնի համագործակցությունը Հայաստանի, Ադրբեջանի ու Մոլդովայի հետ

ՆԱՏՕ-ն մտադիր է ընդլայնել համագործակցությունը Հայաստանի, Ադրբեջանի և Մոլդովայի հետ: Spiegel Online-ի տրամադրության տակ է հայտնվել ՆԱՏՕ-ի փաստաթուղթը Մոլդովայի, Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցության զարգացմանն ուղղված միջոցառումների մասին: Այնտեղ գրված է, թե ինչպես պետք է Հյուսիսատլանտյան դաշինքն աջակցի գործընկերներին տվյալ տարածաշրջանում: Կարճաժամկետ նպատակն «Արևելյան Եվրոպայում կայունությանն աջակցելն է՝ հաշվի առնելով ներկայիս կոնտեքստը»: Կքննարկվեն «ՆԱՏՕ-ի անդամ երկրների բանակների հետ այդ երկրների բանակների համատեղելիության մակարդակը» բարձրացնելու հնարավորությունները: Դրա տակ պետք է հասկանալ համատեղ զորավարժությունների անցկացում և զինծառայողների որակավորումների բարձրացում, նշում է թերթը: Երեք երկրներից յուրաքանչյուրի համար նախատեսվում է անհատական միջոցառումների համալիր: Օրինակ՝ դաշինքից Քիշնև կուղարկվի կապի սպա, Ադրբեջանի հետ կուժեղացվի համագործակցությունն էներգետիկ և կիբերանվտանգության ոլորտում, Հայաստանում ՆԱՏՕ-ն առաջնահերթ է համարում երկրի զինված ուժերի անձնակազմի որակավորման բարձրացումը: