Բավ է պառակտվել
07-12-2017 17:02

2017թ. սկզբից Հայաստանի տարածքում գրանցվել է 193 երկրաշարժ. ԱԻՆ

2017թ. սկզբից Հայաստանի տարածքում գրանցվել է 193 երկրաշարժ, այս մասին հայտարարել է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարի սեյսմիկ պաշտպանության հարցերով խորհրդական Հրաչյա Պետրոսյանը:
«Դրանցից 26-ը զգացվել է 3 բալ ուժգնությամբ։ Ամենահզոր երկրաշարժը գրանցվել է փետրվարի 28-ին՝ Կապան քաղաքի մոտակայքում(5 բալ)։ Այսօրվա դրությամբ ամենաուժեղ երկրաշարժը գրանցվել է օգոստոսի 15-ին Ամասիա գյուղի մոտակայքում (4 բալ)»,– ասել է նա, նշելով, որ մյուս երկրաշարժերն ավելի թույլ են եղել։
Նրա խոսքերով, Արցախում այդ նույն ժամանակահատվածում գրանցվել է 16 երկրաշարժ, որոնցից երկուսը զգացվել է 3 բալ ուժգնությամբ։
«Հայաստանի և Արցախի բնակչությունը զգացել է 21 երկրաշարժ, որոնցից 10-ը գրանցվել են Հայաստանի տարածքում»,– նշել է Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ 29 տարի առաջ՝ 1988 թվականի դեկտեմբերի 7–ին, տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, որը գրեթե ամբողջովին հողին հավասարեցրեց Հայաստանի հյուսիսում գտնվող երկու քաղաքները՝ Սպիտակն ու Լենինականը (ներկայիս Գյումրին),և հարյուրից ավելի գյուղեր։ Երկրաշարժն ընդհանուր առմամբ ընդգրկեց երկրի տարածքի շուրջ 40 տոկոսը։ Եվս մի քանի քաղաք ավերվեցին մասամբ:
Երկրաշարժի էպիկենտրոն հանդիսացող Սպիտակ քաղաքում ցնցումների ուժգնությունը 12 բալանի սանդղակով գնահատվել էր 10 բալ: Պաշտոնական տվյալներով այդ օրը զոհվեց 25 հազար մարդ, 140 հազար մարդ դարձավ հաշմանդամ, ևս կես միլիոն էլ զրկվեց կացարանից: