Բավ է պառակտվել
04-11-2014 10:35

«Դանակի սայրին». Եվրոպայի խորհրդի գնահատականն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակին

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը The Guardian-ում անդրադարձել է Ադրբեջանում մարդու իրավունքների աղետալի վիճակին: Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանում մարդու իրավունքներն ասես «դանակի սայրին» են: Ըստ եվրոպացի պաշտոնյայի՝ Ադրբեջանը խոսքի ազատության հարցում օգնության կարիք ունի:  
Գնահատականը հնչել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Ադրբեջանի վեցամսյա նախագահության ավարտին մոտենալու առիթով:

Նկատվում է, որ ինչպես 2012-ի «Եվրատեսիլ» երգի մրցույթը Բաքվում, այնպես էլ նախագահությունը Եվրոպայի խորհրդում ադրբեջանական ոչ կառավարական կազմակերպությունների և ակտիվիստների համար լավ հնարավորություն էին բարձրաձայնելու այդ երկրում մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի մասին: 
Անդրադարձում նշվում է, որ ԵՄ-ում հակաօրինական են համարում տարբեր լրագրողների ու իրավապաշտպանների ձերբակալությունը, բանտարկությունը, հետապնդումը, որոնցով վերջին շրջանում առանձնապես աչքի է ընկել Ադրբեջանը: 
Այս առնչությամբ Յագլանդը նշել է, որ Ադրբեջանի դատական համակարգում «խոր արմատներ ձգած համակարգային խնդիրներ» կան: Յագլանդը կապվել է Բաքվում մեծ դեսպանություններ ունեցող եվրոպական երկրների հետ, խնդրել, որ Ադրբեջանում նրանց ներկայացուցիչներն ավելի ուշադիր հետևեն ակտիվիստների դատավարություններին: 
Նշվում է նաև, որ Եվրոպայի խորհուրդը բազմիցս Ադրբեջանին նախազգուշացում է արել մարդու իրավունքների վատ վիճակի մասին, կոչ արել դադարեցնել հալածանքները:
Յագլանդը նշում է, որ եթե Եվրոպայում դադարեցնեն իրենց ջանքերը, ապա այդ կերպ կդադարեցվի Ադրբեջանում քաղաքացիական հասարակության պայքարը: Այս համատեքստում եվրոպացի առաջնորդներին կոչ է արվում հանուն խաղաղության և կայունության եվրոպական մակարդակի օրենքի գերակայություն տարածել: