Բավ է պառակտվել
15-08-2017 16:43

ԱԻՆ-ի ը տվյալներ է ներկայացրել Խոսրովի անտառի և Վայոց Ձորի հրդեհների պատճառած վնասների վերաբերյալ

ՀՀ ԱԻՆ-ը ընթացիկ տվյալներ է ներկայացրել Խոսրովի արգելոցում և Վայոց Ձորի մարզում ծագած հրդեհների պատճառած վնասների չափի վերբերյալ:
Օգոստոսի 10-ից ՀՀ Վայոց Ձորի մարզի Արտավան գյուղի մոտակայքում մի քանի հարյուր հա անտառ է այրվում: Երեքշաբթի առավոտյան հրդեհը հաջողվել է տեղայնացնել:
Արդեն չորրորդ օրն է, ինչ Խոսրովի արգելոցում ծագած հրդեհը չեն կարողանում մարել հրշեջները, փրկարարները, զինվորականներն ու ոստիկանության աշխատակիցները, ինչպես նաև հասարակ քաղաքացիները: Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է ՌԴ ԱԻՆ «ԻԼ 76» ինքնաթիռը, որը ջրալցում է իրականացնում օդային տարածքից: Բնապահպանության նախարարության տվյալներով հրդեհը գրավել է արգելոցի զգալի հատվածը, ինչը փաստում է, որ էկոհամակարգին չափազանց մեծ վնաս է հասցվել:
«Ժամը 12:00-ի դրությամբ, Խոսրովի արգելոցի տարածքում այրվել է 16 կմ պարագծով բուսածածկ տարածք, որից 360 հա-ն անտառներ են: Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են»,- ասված է ԱԻՆ-ի հաղորդագրությունում:
Գերատեսչության փոխանցմամբ՝ Ռուսաստանի կողմից տրամադրված «ԻԼ-76» օդանավը արգելոցի տարածքում կրակի օջախները մարելու նպատակով արդեն չորս թռիչք է իրականացրել: Ջրի լիցքավորումը կատարվել է «Էրեբունի» օդանավակայանում:
«Տվյալ պահին ինքնաթիռը պատրաստվում է հինգերորդ թռիչքին»,- նշել են ԱԻՆ-ից: Արգելոցի տարածքում հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են նաև ավելի քան 150 փրկարար, վեց միավոր հրշեջ-փրկարարական տեխնիկա, ՀՀ ՊՆ օդուժի երկու ուղղաթիռ, ԶՈւ 132 զինվորական, 70 ոստիկան, անտառ-տնտեսությունների 50 աշխատակից, ինչպես նաև բնապահպանության պետական տեսչության աշխատակիցներ, շրջակա գյուղերի ավելի քան 600 բնակիչներ, ինչպես նաև մոտակայքում տեղակայված ձկնաբուծարանների աշխատակիցներ, որոնք հրշեջներին ապահովում են ջրով:
Ինչ վերաբերվում է Վայոց Ձորի մարզի Արտավան գյուղի մոտակայքում բռնկված հրդեհին, ապա կրակի դեմ հնգօրյա պայքարից հետո, այսօր, ժամը 12:00-ի տվյալներով այն ի վերջո հաջողվել է տեղայնացնել:
«Caterpillar հատուկ տրակտորների միջոցով փորվել են բազմաշերտ խրամատներ(4-10 մ լայնությամբ), ինչը թույլ է տվել գրեթե ամբողջությամբ մեկուսացնել հրդեհի տարածումը: Տվյալ պահին այդ տեղանքում հրդեհի տարածման վտանգ չկա»,- ասված է ԱԻՆ-ի հաղորդագրության մեջ:
Oգոստոսի 15-ի կեսօրի դրությամբ՝ այրվել է շուրջ 15,6 կմ պարագծով կանաչ տարածք, որից 320 հա-ն անտառներ են:
Խոսրովի (Գառնու) արգելոցը տեղակայված է հարավ արևմուտքից Սևանա լիճը շրջապատող Գեղամա լեռնաշղթայի փեշերին: Արգելոցի մեծ մասը ընդգրկում է լեռնային, չորադիմացկուն բույսեր, որոնք կարողանում են դիմակայել բարձր ջերմաստիճանների ազդեցությանը: Տեղանքը աչքի է ընկնում բուսական և կենդանական աշխարհի յուրահատուկ բազմազանությամբ: Արգելոցը գտնվում է ծովի մակերեսից 1400-2250 մ բարձրությունների վրա:
Խոսրովի արգելոցում աճում է 1686 տեսակի բույս, որից 146-ը գրանցված է Կարմիր գրքում: Դրանց թվում է վայրի տանձը, խնձորենին, սալորենին, բալենին, արոսենին, նշենին, Վավիլովի աշորան: Այստեղ պահպանության տակ են նաև գիհու և կաղնու նոսր անտառները, լեռնային անթառամները, լեռնատափաստանային և կիսանապատային բույսերը:
Խոսրովի արգելոցում բնակվում են սարդանմանների, խեցգետնանմանների և միջատների հազվագյուտ տեսակներ, որոնց թվում շատ են Կարմիր գրքում գրանցված թիթեռնիկները: Արգելոցում բնակվում է նաև 5 տեսակի երկկենցաղ և ձուկ, 33 տեսակի սողուն, 142 տեսակի թռչուն, 55 տեսակի կաթնասուն, մասնավորապես՝ անդրկովկասյան գորշ արջ, վարազ, լայնականջ ոզնի, հայկական մուֆլոն, բեզոարյան այծ, լուսան, գայլ, աղվես, ընձառյուծ և այլն: