16-01-2017 13:03

Ղրղզստանի ԱԻՆ-ը հրապարակել է Բիշկեկի մոտ տեղի ունեցած ավիավթարի զոհերի թիվը (Տեսանյութ)

Թուրքական «Boeing 747-400» բեռնատար ինքնաթիռի վթարի արդյունքում զոհվածների թիվը հասել է 37-ի:
«Նախնական տվյալներով ավերվել է 15 տուն »,- այս մասին տեղեկացնում են Ղրղզստանի ԱԻՆ-ից:
Ավելի վաղ երկրի առողջապահության նախարար Ելենա Բայալինովան իր Facebook-յան էջում գրել էր, որ զոհերի թվում են օդանավի անձնակազմի 4 անդամներ:
Զոհվել են նաև ինքնաթիռի ընկնելու վայրի ամառանոցների բնակիչներ, այդ թվում նաև երեխաներ:
Turkish Airlines ընկերության բեռնատար Boeing 747-400-ը, որը չվերթ էր իրականացնում Հոնկոնգից Բիշքեկ, վթարվել էր այսօր՝ հունվարի 16-ին, վաղ առավոտյան։ Դեպքի պահին Ղրղզստանի մայրաքաղաքում գտնվող Մանաս օդանավակայանում խիտ մառախուղ է եղել:
Երկրի տրանսպորտի նախարարության տվյալներով օդանավն ընկել է վայրէջք կատարելիս՝ թռիչքուղուց 1,5-2 կմ հեռավորության վրա: Օդանավի անձնակազմը բաղկացած էր 5 անդամից:
Դեպքի վայր է ժամանել Ղրղզստանի կառավարության ղեկավար Սոորոնբայ Ժեենբեկովը, առաջին փոխվարչապետ Մուհամմեդկալիյ Աբուլհազիևը, ԱԻՆ ղեկավար Կուբատբեկ Բորոնովը և Տրանսպորտի և ճանապարհների նախարար Վամշիտբեկ Կալիլովը: